«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)
1992-1993թթ. ձմռան ամիսներին Երեւան քաղաքում ապօրինի հատվել է ավելի քան 120 հազար ծառ, փոխարենը 1993թ. գարնանը տնկվել է 130 հազար ծառ (դրան գումարած կտրվածների ծլարձակումը), Հայաստանի մյուս բնակավայրերում միասին վերցրած հատվել է մոտ 70 հազար ծառ, որի մոտ կեսը բաժին է ընկնում միայն Գյումրիին։
Գարնանն այդ տեղերում տնկվել է 230 հազար ծառ եւ թուփ (շուրջ 3 անգամ ավելի, քան հատվել էր)։ Ճանապարհամերձ հատվածներում հատվել էր ավելի քան 200 հազար ծառ, որի գերակշռող մասը բաժին է ընկնում Արարատյան դաշտավայրին։ Ապրիլի տվյալներով այդ հատվածներում տնկվել է ավելի քան 100 հազար ծառ։ Անտառային տնտեսություններում հատվել էր շուրջ 500հա եւ մոտ 1000հա–ն՝ մասնակի նոսրացվել (առանձնապես տուժել են Արմավիրի, Գյումրիի, Վարդենիսի եւ Գուգարքի անտառտնտեսությունները)։ Վերականգնոդական աշխատանքները այս գարնանը ընդգրկել են մոտ 2 հազար հա անտառային տարածք։
ՀՀ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարության բուսակենդանական աշխարհի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը «Նոյյան տապան» գործակալության թղթակցին հայտնել է, որ ներկայացվող տվյալները վերլուծվել են՝ հիմք ունենալով ՀՀ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջշրջանային տեսչությունների, ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների, գործկոմների, ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարության, բնակկոմունալ տնտեսության արտադրական վարչության, «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորման եւ Երեւանի քաղխորհրդի կանաչապատման վարչության համապատասխան տեղեկությունները։
Ընդհանրացված տվյալներով՝ 1992–1993թթ. ձմռանը հատվել է ավելի քան 1,5 միլիոն ծառ, տնկվել՝ 460 հազար ծառ ու թուփ՝ չհաշված անտառտնտեսությունների կողմից տնկվող միլիոնավոր ծառերը։
Ս.Բալոյանի խոսքերով, ապօրինի ծառահատումները շարունակվում են նաեւ այժմ, որոնք առավել մեծ մասշտաբներ են ընդգրկում Դիլիջանի պետական արգելոցի տարածքում, որտեղ ապօրինաբար հատվում են հաճարենու բարձրարժեք անտառները։