November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Տեսակցություն Ա. քարտուղար Philippe Kerr-ի հետ

Տեսակցություն Ա. քարտուղար Philippe Kerr-ի հետ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ավետիս Ահարոնյան

Լոնդոն, հունվար 6, 1920թ.

Ես հարցրի Կիլիկիայի մասին։

Philippe Kerr — Կիլիկիայի խնդիրը մեր և ֆրանսիացիների մեջ կարգադրված է վերջնականապես։ Կիլիկիան թողնված է Ֆրանսիային։ Մենք չէինք կարող ուրիշ կերպ վարվել, որովհետև ամերիկյան մանդան Հայաստանի վրա այլևս անհույս է։ Այստեղ ես տեսել եմ մի շարք ամերիկացիների, որոնք բոլորը միաբերան վկայում են, որ միանգամայն հոգնած են Եվրոպայի այս անմիտ միջամտություններից և կուզեին վերջ տալ այս դրության։

Ես — Մենք ստիպված ենք այսպիսով անել bonne mine a mauvais jeu*. իսկապես էլ գոհ ենք։ Եթե Կիլիկիան մեզ չպիտի հասնի, գոնե թուրքերին չմնա, այլ Ֆրանսիային։ Այս նոր պայմաններում, սակայն, կուզեինք գեթ՝ ա) Ֆրանսիային թողված տերիտորիային** սահմանակից լինել, բ) հայ բնակչության ազգային շահերը ապահովված տեսնել մի ռեժիմով, որ համապատասխան լիներ Ֆրանսիայի մեզ արած խոստումներին այդ մասին, գ) քանի որ մենք այսպես հեռանում ենք Միջերկրական ծովից, Ֆրանսիան բարի գտնվեր մեզ երկաթուղային ելք տալ դեպի Միջերկրական ծով։

Ֆիլիպ Կեր — Այդ բոլորի մասին համաձայնության գալու է Ֆրանսիայի հետ։

Ես — Այո՛, բայց ձեր աջակցությունը մեր ճիգերին՝ արդյունք կտա և կապահովե։ Հետո, Կիլիկիայից դուրս մնացած մեր 6 վիլայեթները անշուշտ մեզ պիտի պատկանեն և պիտի կցվեն Հայաստանին։ Այնպես չէ՞։

Ֆիլիպ Կեր — Չեմ կարող ասել, բայց Հայաստանի երկու հատվածները պիտի միանան։ Այս մասին կարող եք հանգիստ լինել։

Ես — Շնորհակալ եմ։ Բայց մենք անհանգիստ ենք շրջապատի պատճառով։ Մի կողմից Մուստաֆա Քեմալ, մյուս կողմից՝ Ադրբեջան, իսկ հյուսիսից բոլշևիկյան մոտեցող քաոսը։ Իրերի այս կացության մեջ արդյոք Անգլիայի շահերը չե՞ն պահանջում՝ ռազմամթերքով և նյութական միջոցներով կազմակերպել մեր բանակը։

Ֆիլիպ Կեր — Այս մասին անպատճառ խոսեցեք զինվորական նախարար Չերչիլին և պարզեցեք ասիական մեր տիրապետություններին սպառնացող վտանգը։ Առ այժմ շատ կխնդրեի ինձ պատասխանել. Ի՞նչ ներշնչում կարող էիք մեզ անել այն պարագային, եթե Մուսթաֆա Քեմալ չկամենա դատարկել թուրքահայ նահանգները՝ ձեզ հանձնելու համար։ Նկատի առեք, որ զինվորական կամ քաղաքական ճնշում չենք կարող գործ դնել ո՛չ Պոլսում, որ արդեն մեր ձեռքին է, ո՛չ էլ Թուրքիայի այն մասում, որին Դաշնակիցները տիրել են։

Ես — Նախքան Ձեր հարցին պատասխանելը՝ պարզենք, թե ինչ ուժ է ներկայացնում Մուսթաֆա Քեմալը։ Չգիտեմ, ինչ է Ձեր կարծիքը, բայց մեր զինվորական կայանի տեղեկությանց նայելով, Մուտաֆա Քեմանլի շարժման մեջ բլեֆը մեծ բաժին ունի։ Նրա զորքի թիվը 10-12000-ից չի անցնում, այն էլ վատ հագնված, վատ պատրաստված։ Համենայն դեպս, 15000-ից ավելի չի լինի մեր շրջաններում. նույնքան էլ հույների դեմ։ Այդպես էր վկայում նաև ամերիկյան զինվորական միսիայի պետ, զորավար Հարբորդը։ Արդարև, եթե Մուստաֆա Քեմալի ուժը մեծ լիներ, նա հանգիստ չէր լինի մինչև այժմ։ Բայց և այնպես, 15000-ը նույնպես ուժ է։

Դուք հարցնում եք, թե ինչպես կարելի է հեռացնել այդ ուժը։ Արդարն այն կլիներ, որ ես ասեի թե՝ Դաշնակիցները պարտական են օգնել մեզ իրենց զորքով՝ դուրս քշելու համար թուրքերը մեր հայրենիքից, քանի որ հայերը ձեզ համար չորս տարի անձնվիրաբար կռվեցին։ Բայց ես գիտեմ, որ ո՛չ դուք ձեր սկովտիացիներին կուղարկեք Հայաստան, ո՛չ Ֆրանսիան իր բրետոններին և ո՛չ էլ Իտալիան իր լոմբարդացիներին։ Հետևաբար, ես Ձեզ կասեմ — Եթե դուք զսպեք մեր թիկունքում Ադրբեջանը և մեզ նյութական հնարավորություն տաք վերակազմելու մեր բանակը, կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կարող ենք Մուստաֆա Քեմալը դուրս հանել մեր սահմաններից։

Հարց — Դուք որքա՞ն զորք կարող եք ոտքի հանել։

Պատասխան — Ոչ ավելի, քան 40000։ Ահա այս քառասուն հազարի համար է, որ եկած եմ խնդրելու Անգլիայի աջակցությունը։

«Խոսեցեք Չերչիլի հետ»,— ասաց Ֆիլիպ Կեր։ «Ես էլ իմ կողմից կխոսեմ Լլոյդ Ջորջին։ Երեք օրից Լլոյդ Ջորջ, Քերզոն, ես և ուրիշներ գնում ենք Փարիզ՝ թրքական և ձեր գործով զբաղվելու։ Եկեք և դուք անպատճառ։ Առ այժմ տվեք ինձ Փարիզի Ձեր հասցեն»։ (Ավետիս Ահարոնյան, Սարդարապատից մինչև Սևր և Լոզան. Քաղաքական օրագիր, Բոստոն, 1943թ.)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives