Ազգ, 9 մարտի, 1991թ., թիվ 7
Ամերիկյան փոստային վարչությունը փետրվարի 20-ին Ֆրեզնոյի Մետրոպոլիտան թանգարանում ավելի քան 100 հրավիրյալների ներկայությամբ ցուցադրեց Վիլյամ Սարոյանի հիշատակին նվիրված նոր դրոշմանիշները, «Գրական արվեստ» շարքից։ Դրոշմանիշը հրապարակ կհանվի միաժամանակ՝ Ֆրեզնոյում և Երևանում, որպես միացյալ ձեռնարկ, 22 մայիս 1991թ.։
Դրոշմանիշի ամերիկյան ու խորհրդային տարբերակների դիզայնի հեղինակն է Ռեն Ուիքսը, Լոս Անջելեսից, հիմք ընդունելով Ֆրեզնոյից Պոլ Գալինյանի լուսանկարը։
Ներկայացման արարողության ժամանակ Մ. Նահանգների փոստային վարչության պետ և «Սարոյան» հիմնարկության անդամ Անթոնի Ֆրանկն ասաց. «Մենք չունենք որևէ պանթեոն։ Հետևաբար Սարոյանին մերձենալու լավագույն ձևը մնում է այս դրոշմանիշը»։
Սարոյանն առաջին հայն է և առաջին Ֆրեզնոյցին, որ ամերիկյան փոստային վարչության կողմից պատվի է արժանանում։ Մեկնաբանելով դրոշմանիշի վրա պատկերված Սարոյանի նկարը, Ֆրանկն ասաց. «Մենք չցանկացանք Սարոյանին պատկերել որպես ուրախ, տխուր կամ խենթ, այլ որպես մի մարդ, որ այդ բոլորն է միաժամանակ»։