«Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 1992թ., թիվ 9 (354)
Մեր թանկագին բարեկամներ և գործընկերներ: 1991 և 1992 թվականների սահմանագծին դժվարին, հիրավի ողբերգական օրեր ապրեց վրաց ժողովուրդը: Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի բռնատիրական վարչակարգի և նրա կողմնակիցների դեմ բացահայտ և անհաշտ պայքարում, բռնապետության դեմ ժողովրդավարության պայքարում, որը հանգեցրեց զինված ընդհարման, հեղվեց մարդկային արյուն, այրվեցին ու ավերվեցին Ռուսթավելու պողոտայի` Թբիլիսիի պարծանքի ու գեղեցկության զգալի մասը, նրան հարող մի շարք բնակելի տներ ու հիմնարկներ:
Վրաստանի առաջավոր և առաջադեմ մտավորականությունը, նրա լավագույն ներկայացուցիչները` գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ, գիտության գործիչներ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության գլուխ անցնելու առաջին իսկ օրերից բողոքի ձայն բարձրացրին նրա հաստատած ամբողջատիրական վարչակարգի դեմ, ազգային և էթնիկական հիմնահարցերը արյունահեղության, քաղաքացիական կռիվներ հրահրելու միջոցով լուծելու կոչերի դեմ:
Վրաստանի մտավորականությունը կենսահույզ հարցերի լուծման նկատմամբ նման մոտեցումը միշտ էլ համարել է և համարում է վանդալիզմ, առաջարկել է դրանք լուծել քաղաքակիրթ միջոցներով` բանակցությունների սեղանի շուրջը: Մեզ համար հաճելի էր զգալ, որ մեր այդ առաջարկությունները ձեր կողմից, մեր հայ բարեկամներ և գործընկերներ, արժանանում են շատ ջերմ արձագանքների և աջակցության, որ դուք ուշադիր հետևում եք Վրաստանում տեղի ունեցող դեպքերին, որ քանիցս առաջարկել եք մասնակցել այն ճգնաժամային երևույթների հաղթահարմանը, որոնց մեջ հայտնվել է Վրաստանը իր նախկին նախագահի դաժան կուրսի հետևանքով:
Մեր երկու ժողովուրդները, Վրաստանի և Հայաստանի գիտության, արվեստի, գրականության, ընդհանուր առմամբ ամբողջ մշակույթի զարգացման ողջ բազմադարյա պատմությունը արդարության և իմաստնության պայքար են չարիքի և տգիտության, բռնակալության և ազգայնամոլության, բռնության և վանդալիզմի դեմ: Եվ ուրախալի է, որ միշտ, բոլոր ժամանակներում, վրաց և հայ մտավորականությունը հաղթող է դուրս եկել այդ դժվարին, բայց արդար պայքարից:
Մենք հիմա էլ ձեզ երախտապարտ ենք աջակցության համար, վստահ ենք, որ մեր փոխհարաբերությունները այսուհետև կդառնան էլ ավելի ամուր, որ մոտ ապագայում լիովին կբուժվեն երկու եղբայր ժողովուրդների` վրացիների ու հայերի, արնածոր վերքերը, և մեր հինավուրց քրիստոնեական հողերի վրա Կովկասում և համայն աշխարհում կիշխեն խաղաղությունը, անդորրը և բարօրությունը: Թող աստված մեզ օգնական լինի դրանում:
Վրաց մտավորականության անունից.
Օթար ԼԻՏԱՆԻՇՎԻԼԻ — Թբիլիսիի գլխավոր նկարիչ, Վրաստանի ժողովրդական նկարիչ, Բուբա ԿԻԿԱԲԻՁԵ — Վրաստանի ժողովրդական արտիստ, Սոֆիկա ՃԻԱՐՈՒԵԼԻ — Վրաստանի և Հայաստանի ժողովրդական արտիստ, Լանա ՂՈՂՈԲԵՐԻՁԵ — Վրաստանի ժողովրդական արտիստուհի, Ջանսուղ ՉԱՐԿՎԻԱՆԻ — Բանաստեղծ, Բիձինա ՔՎԵՐՆԱԶԵ — կոմպոզիտոր, Վրաստանի ժողովրդական արտիստ, Գեորգի ՑԻՑԻՇՎԻԼԻ — Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նոդար ՋԱՆԲԵՐԻՁԵ — Վրաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, վրաց արվեստի պատմության ինստիտուտի տնօրեն, Վախուշտի ԿՈՏԵՏԻՇՎԻԼԻ – պրոֆեսոր, Գեորգի ՇԵՆԳԵԼԱՅԱ – Կինոռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ, Ֆելիքս ԳԼՈՆՏԻ — կոմպոզիտոր, Վրաստանի ժողովրդական արտիստ, Գիգա ԼՈՐԴՔԻՊԱՆԻՁԵ – ռեժիսոր, Վրաստանի ստեղծագործական աշխատողների միության նախագահ, Գուրամ ՄԻՐԱՆԻՇՎԻԼԻ — ճարտարապետ, Վրաստանի Հանրապետության շինարարության և ճարտարապետության գործերի նախարար, Խութա ԲԵՐՈՒԼԱՎԱ – բանաստեղծ, Էլգուջա ԱՄԱՇՈՒԿԵԼԻ — քանդակագործ, Վրաստանի ժողովրդական նկարիչ, Գիա ԲԱԴՐԻՁԵ – կինոդրամատուրգ, Գուրամ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻ — գրականագետ, «Մերանի» հրատարակչության տնօրեն։