Մշակ, 18 հունիսի, 1918թ., թիվ 114
Երեքշաբթի, հունիսի 12-ին, կայացավ հայ և վրաց կառավարությունների ներկայացուցիչների նիստը՝ սահմաններ որոշելու խնդրի շուրջը:
Հայ կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ երկու հանրապետությունների միջև կայացած նախնական համաձայնության հիման վրա, սահմանները պիտի որոշվեն էթնիկական (ազգաբնակչական) սկզբունքով, և այն շրջանները, որոնք գրեթե ամբողջապես բնակված են հայերով, պետք է անցնեն Հայաստանին:
Վրաց հանրապետության ներկայացուցիչները գտնում էին, որ պետք է ղեկավարվեն ոչ թե ազգաբնակչական տեսակետով, այլ նպատակահարմարության, և հայտնեցին, որ հենց հայ դեմոկրատիայի շահերի տեսակետից այդ մի քանի շրջանները Վրաստանին կցելը կարող է պաշտպանել հայ դեմոկրատիային:
Ուստի և Վրաստանի ներկայացուցիչները առաջարկում էին Վրաստանի հանրապետության մեջ մտցնել ամբողջ Բորչալուի գավառը (Թիֆլիսի նահանգ), Փամբակի շրջանը (Ալեքսանդրապոլի գավառի մի մասը) և ամբողջ Ղազախի գավառը (Գանձակի նահանգ):
Հայերը առարկեցին դրա դեմ և պնդեցին, որ այդ գավառներում ապրում է գրեթե բացառապես մուսուլման և հայ ազգաբնակություն, իսկ վրացիները կազմում են շատ չնչին փոքրամասնություն: Հարցը առ այժմ բաց է մնացել: