«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353)
Հունվարի 13-ին Հայաստան էր ժամանել Վրաստանի Հանրապետության պատվիրակությունը` նախկինում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Էլդար Շենգելայայի գլխավորությամբ:
Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին մտավորականության ներկայացուցիչներ Չաբուա Ամիրաջիբին, Գրիգոլ Լորդկիպանիձեն, Գեորգի Խանդրավան, Վախթանգ Կիկաբիձեն և Ռևազ Ղիփիանին, Երևանում ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Հանդիպումների ընթացքում հյուրերը ներկայացրին Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակը, շարադրեցին իրենց տեսակետները հանրապետության առջև ծառացած քաղաքական, տնտեսական ու սոցիալական հիմնահարցերի կարգավորման ուղիների վերաբերյալ:
Իրենց հերթին Լևոն Տեր-Պետրոսյանը և Բաբկեն Արարքցյանը Վրաստանի պատվիրակությանը ծանոթացրեցին Զվիադ Գամսախուրդիայի` ժամանակավորապես Հայաստանի տարածքում գտնվելու առնչությամբ հանրապետության իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը:
Մասնավորապես ընդգծելով մարդու իրավունքների միջազգային ընդունված չափանիշներով առաջնորդվելու անհրաժեշտությունը և հարևան հանրապետությունում քաղաքական իրադրության շուտափույթ կայունացման ու խաղաղության վերահաստատման հարցում իրենց շահագրգռությունը, Հայաստանի ղեկավարները հույս հայտնեցին, որ իշխանությունների մարդասիրական ջանքերն ըստ արժանվույն կգնահատվեն վրաց ժողովրդի և համաշխարհային հանրության կողմից, կնպաստեն երկու ժողովուրդների միջև ավանդական, բարեկամական կապերի ամրապնդմանը:
Գերագույն խորհրդի մամուլի կենտրոն