«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Շատ դժվար է հստակորեն կողմնորոշվել մեզ համար նույնիսկ ամենակենսական նշանակության քաղաքական հարցերում, երբ նրանք, ովքեր կոչված են նպաստելու դրան, ամեն ինչ անում են նույն հարցերի վերաբերյալ ճշմարտությունը սքողելու եւ իրենց իսկ պետության քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։ Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի Մինսկի խմբի անդամների վերադառնալուց հետո ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հանդես է գալիս բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է. «Փաստաթուղթը… սահմանում է դիտորդների առաջադրանքները եւ կարեւոր քայլ է առճակատման թուլացման ուղղությամբ։ Ըստ այդ փաստաթղթի, միջազգային դիտորդները տեղակայվելու են հակամարտության շրջանում՝ մի քանի հատուկ ռազմական քայլեր վերահսկելու նպատակով, ինչը պետք է հանգեցնի զինված ընդհարման դադարեցմանը, ինչպես նաեւ շրջափակումների վերացմանը, մարդասիրական օգնության անխափան մատակարարմանը»։ ԼՂՀ պատվիրակության անդամ Հրանտ Խաչատրյանը բանակցությունների արդյունքները բնորոշում է իբրեւ «հուսադրող» եւ ասում, որ «ըստ էության կատարված է տարածաշրջանում հրադադարի հասնելու առաջին քայլը», իսկ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը Ստեփանակերտում պատվիրակության ղեկավարի հաշվետվությունից հետո տրամագծորեն հակառակ գնահատականով հայտարարում է. «Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է ԼՂՀ-ի համար եւ չի համապատասխանում նրա բնակչության ակնկալիքներին»։
Ի՞նչ հասկանանք այս տարամերժ գնահատականներից։ Այդ ի՞նչ «մի քանի հատուկ ռազմական քայլեր» են, որոնց մասին հպանցիկ նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եւ որոնք վերահսկելու են հակամարտության շրջանում տեղակայվելիք միջազգային դիտորդները։ Ինչո՞ւ այն, ինչ մեկին «հուսադրում» է, մյուսին կարող է թվալ «պարտվողական»։ Բա՞րդ է։ Ոչ, շատ պարզ է։ Այն, ինչի մասին «դիվանագիտական» երկչոտությամբ լռում են Արցախյան հիմնահարցը քննարկելիս թերասացություններում եւ ամոթխած ակնարկներում վարպետացած ՀՀ «քաղաքագետները», դիվանագիտական արվեստն իբրեւ ճշգրիտ գիտություն ընկալող եւ իրենց ավագ արյունակիցների փորձն ու հմտությունը հիանալի յուրացրած ադրբեջանցիները ասում են պարզորոշ եւ միանգամայն հասկանալի։ «Մինչեւ Լաչինի դուռը չփակվի,– մարտի 2-ին «Ազատություն» Ռադիոկայանով ի լուր աշխարհի հայտարարել է ադրբեջանցի դիվանագետ Ա. Ազիզը,– ադրբեջանական կողմը քաղաքական բանակցությունների չի գնա»։ Այսքան բան։ Հարցի քաղաքական լուծում, ըստ հակամարտող կողմերից մեկի, հնարավոր է այն դեպքում, երբ նախ միջազգային դիտորդներ «կտեղակայվեն», իսկ հետո ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ ռուս-թուրքական «խաղաղապահ» զորքերը կիրականացնեն իրենց առաքելությունն ըստ նույն Ա. Ազիզի, այն է՝ «Լաչինի ճանապարհը փակելը այն հաշվով, որ հայերը ռազմական տեխնիկա չտեղափոխեն Հայաստանից Ղարաբաղ»։ Եվ դրանից հետո, բնականաբար, ոչ մի նշանակություն չի ունենա այլեւս մշակութային, վարչական թե աստեղային կարգավիճակի ինչ անվանում կշնորհեն նախկին ԼՂԻՄ-ին եւ ներկայիս ԼՂՀ-ին: Կարգավիճակը վճռված կլինի՝ զոհի կարգավիճակ։ Հայաստանի Հանրապետությանն Արցախին կապող արյունատար անոթը խցանելու համար ադրբեջանցիները հյուսիսից ու հարավից ուժեր են կուտակում եւ կուտակելու են առավել, հենց որ խելքի գան ձմեռային պարտություններից, իսկ մեզ մեր մամուլի ծառայությանը փաղաքշում է հույսով, թե՝ «Հայաստանն այս նախնական համաձայնությունը դիտարկում է որպես դեռեւս համեստ, բայց հուսադրող նշան այն բանի, որ կողմերը կարող են պատրաստ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը»։
Մի բան հստակ է՝ վերջերս ավելի ու ավելի հաճախ արծարծվող Արցախի կարգավիճակի հարցը միջազգային ուժերը որոշում են Ադրբեջանի կազմում։ Ուրեմն Հայաստանը չպետք է համաձայնի այս տարբերակին։ Այսինքն՝ հայությունը չպետք է Հայաստանի իշխանություններին թույլ տա ընդունել այդ տարբերակը: