November 27, 2024

«Վերևներից» հույսներս կտրել ենք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Գորիսը, թեեւ ցանկալիից շատ ուշ՝ 1992 թ. մայիսի 18-ին, բախտ ունեցավ Լաչինի սահմանագծում առաջինը դիմավորել Արցախի ազատամարտիկներին։ Հաջորդ օրը Արցախ հասավ գորիսեցիների օգնության առաջին ավտոշարասյունը։ Հպարտ եմ, որ Միացյալ Հայաստանի գաղափարը ամեն օր հազարավոր հայորդիների սրտեր է նվաճում։ Տարակույս չունեմ, որ Գորիսը միշտ կլինի դեպի հերոսական Արցախ գնացող մարդասիրական օգնության հուսալի հանգույց, կենարար երակ։

1992 թ. մայիսի 5-ից Գորիսի պատգամավորների քաղաքային խորհրդի նախագահն եմ։ Քաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք ձնագնդի նման աճում են։ Ամբողջությամբ կաթվածահար է քաղաքի տնտեսությունը, աշխատում է արտադրական կարողությունների չնչին մասը, մարդիկ համարյա աշխատավարձ չեն ստանում եւ հնարավորություն չունեն վճարել հարկերն ու տուրքերը, կանգնեցված է շինարարությունը։ Այսօր արդեն պետությանը պարտք ենք շուրջ 20 մլն ռուբլի։ Խմելու ջրի համար մենք ամենաբարձր գինն ենք վճարում հանրապետությունում, բայց մի՞թե գորիսեցիներն են մեղավոր, որ ժամանակին սխալ հաշվարկներ են կատարվել։

Հաստատ կարող եմ ասել, որ 1991 թ. հունվարից հետո Գորիսի բարձր իշխանավորների կողմից ոտնահարվել են ՀՀ օրենքները, մարդկանց տարրական իրավունքները, աճել է հանցագործությունը։ Մայիսի 5-ից քաղխորհուրդն ու գործկոմը, թիկունք ունենալով քաղաքի բնակչությանը, վճռական «ոչ» ասացին արգահատելի երեւույթներին։ Մենք որդեգրել ենք միայն ժողովրդին անսակարկ ծառայելու գործելակերպ։ Արդեն հասցրել ենք հեռացնել իրենց արատավորած բազմաթիվ պաշտոնյաների։ Համոզված եմ, որ շուտով Գորիսում ղեկավար դիրքեր կզբաղեցնեն բացառապես բարոյական նկարագրի տեր մարդիկ, որպիսիք մեր քաղաքում շատ են։

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Գորիսը շուտով կդառնա համահայկական եւ միջազգային, հատկապես հայ-պարսկական հարաբերությունների կարեւոր կենտրոններից մեկը։

Առաջիկայում սպասվում են պայքարի դժվարին օրեր ու ամիսներ։ Հույսս հայրենակիցներիս արդեն իսկ արտահայտած հոգեբանական ոգեւորությունն ու վճռականությունն է։ Ընտրվելուս առաջին օրերին կարծում էի, թե ՀՀ իշխանությունները հնարավոր ամեն ինչով կօգնեն իրականացնել մեր մտահղացումները, սակայն այսօր հակառակը ենթադրելու ծանրակշիռ հիմքեր ունեմ։ Գորիսում 1991 թ. հունվարից սկսած մաֆիան ավելի սանձարձակ է դարձել։

Իշխանազրկված մաֆիան շարունակում է բանեցնել բիրտ ուժի իր ժանգոտած մեքենան։ Քաղխորհրդի 4-րդ նստաշրջանը մայիսի 25-ին քննարկել է օրինականության պահպանման, հանցագործության պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ քաղաքի ՆԳ բաժնի պետ Միքայել Խոյլունցի՝ այդ պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը։

Խախտվել է օրենքը, ըստ որի ՆԳ բաժնի պետին նշանակում է ՆԳ նախարարը՝ տեղական իշխանության համաձայնությամբ։ Մ. Խոյլունցի դեպքում նման համաձայնություն չէր եղել, բայց 11 ամիս արդեն զբաղեցնում է պաշտոնը։ Գաղտնի քվեարկության արդյունքով եւս նա այդ համաձայնությունը չստացավ: Քննարկվեց նաեւ միջշրջանային դատախազության հարցը, ընդունվեց սկզբունքային որոշում, որով ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվում է կարճ ժամկետում ուժեղացնել Գորիսի միջշրջանային դատախազությունը։

Հունիսի 2-ին Գորիսում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Համլետ Մկրտչյանը քաղխորհրդի գործկոմի շենքից դուրս է հրավիրել շրջանային մանկաբույժ Առուշ Սարգսյանին, գազանաբար խոշտանգել։ Սակայն փաստը օրենքի շրջանակներում համապատասխան վերաբերմունքի չի արժանանում։ Մենք ստիպված էինք հաջորդ օրը արտակարգ նիստ հրավիրել։ Որոշումով շրջանի իրավապահ մարմիններին պարտավորեցրել ենք վճռական գործողություններ ձեռնարկել։ Նման հարց ենք բարձրացրել նաեւ ՀՀ դատախազության եւ ՆԳ նախարարության առջեւ։ Անցել է 15 օր, իսկ մեր ընդունած որոշումները եւ դատախազությունում, եւ ՆԳ նախարարությունում ընկալվել են որսպես «ձայն բարբառոյ հանապատի»։ Ես հնարավորություն ունեցա հանդիպել գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանի հետ. նա ամեն կերպ ջանում էր բացատրել, որ իրենք մինչեւ վերջ համոզված չեն, թե միջշրջանային դատախազը չի կարող այդ պաշտոնում աշխատել։ Բազմաթիվ փաստեր ներկայացնելուց հետո պահանջեցի, որպեսզի անպայման կատարվի նստաշրջանի մայիսի 25-ի որոշումը։ Շատ կուզեի հավատալ, որ գոնե անգամ դատախազը մեր որոշման կողքով անցնի։

ՆԳ բաժնի պետի հարցով բազմաթիվ փորձեր եմ արել, կապվել նախարար պրն Սիրադեղյանի հետ, բայց ապարդյուն։ Վերջապես հաջողվեց կապվել նրա օգնական Վ. Ղուկասյանի հետ եւ տեղեկացնել, որ հաջորդ օրը գալու Երևան՝ խնդրելով նրան կազմակերպել իմ հանդիպումը նախարարի հետ։ Բայց զարմանալի է, էր ներկայանալով նախարարություն՝ չկարողացա հանդիպիպել ոչ նախարարին, ոչ օգնականին։ Նախարարը քարտուղարուհու միջոցով տեղեկացրեց, որ չի կարող ընդունել, քանի որ պայմանավորվածություն չկա: Սա տխուր խոհերի տեղիք է տալիս:

Ցանկանում եմ ընթերցողներին եւ նախարարին թերթի միջոցով տեղեկացնել իրեն դիմելուս նպատակը։ Ես պետք է ներկայացնեի քաղխորհրդի պահանջը եւ հորդորեի, որ այն հարգվի։ Մ. Խոյլունցը մասնագիտությամբ շինարար է, միշտ շինարար աշխատանքի է եղել; Նախկինում երկու անգամ դատվել է, այդ թվում՝ պետական ունեցվածքի հափշտակության համար, եւ մենք նպատակահարմար չենք գտնում նման կենսագրության տեր մարդու կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը։ Չեմ ուզում հավատալ, որ այս ամենը կատարվում է հաշվենկատորեն։ Քաղաքային ՆԳ բաժնի պետը (ի դեպ, բաժինը նստաշրջանի որոշումով մտցված է քաղաքային իշխանությունների համակարգի մեջ) չի ենթարկվում քաղաքային իշխանություններին, նրա հետ աշխատել հնարավոր չէ։

Սկսում եմ մտածել, գուցե այս ամենի համար հիմք է ծառայում այն, որ ես ՀՅԴ անդամ եմ։ Ի դեպ, ես հպարտանում եմ դրանով եւ ինձ շատ պարտավորված եմ զգում, որ 60 հոգիանոց քաղխորհուրդը այս պաշտոնը վստահեց միայն դաշնակցական պատգամավորին։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գորիսի քաղխորհրդի նախագահ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives