November 28, 2024

Վերջին խոսքը պետք է ասվի Մինսկի խորհրդաժողովում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)

Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը, ԵԱԽՀ-ի շրջանակներում ընթացող բանակցություններից եւ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրեւի հետ հանդիպելուց հետո, ժամանել է Բաքու։ Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյն ընդունել է նրան եւ վստահություն հայտնել, որ այս այցի գործնական արդյունքները մի նոր փուլ կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործընթացում։ Հ. Չեթինը Ադրբեջանի նախագահին հաղորդել է Թուրքիայի ղեկավարության ողջույնն ու բարեմաղթանքները։

Անցած շաբաթ օրը Հ. Չեթինին ընդունել է հանրապետության ԳԽ նախագահ Ի. Գամբարը (այսուհետեւ նա կրում է ոչ թե Գամբարով, այլ Գամբար պոչատ ազգանունը): Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների շուրջ։ Խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։ Նա նշել է նաեւ, որ այս հակամարտության կարգավորումը դրական ազդեցություն կգործի նաեւ Կովկասի տարածաշրջանի այլ գոտիների վրա։

Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն անցկացրել են համատեղ մամլո ասուլիս։ Հ. Չեթինը ասուլիսում նշել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան մեծ դեր կխաղան Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, սակայն վերջին խոսքը պետք է ասվի Մինսկի խորհրդաժողովում։ Այն հարցին, թե ո՞վ պիտի լինի ԵԱՀԽ-ի շրջանակներում ձեռք բերված համաձայնագրերի երաշխավորողը, երկու նախարարներն էլ պատասխանել են, որ 5 երկրների՝ ԱՄՆ–ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ստորագրած արձանագրությունը այդտեղ կկատարի երաշխավորի դեր. «Մեր պահանջը եւ համաձայնությունը այն կլինի, որ դադարեցվի կրակը եւ վերացվեն բոլոր շրջափակումները, ինչպես նաեւ զորքերը, ամբողջ տեխնիկայի հետ մեկտեղ, դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից»։

Թոֆիկ Գասիմովը հայտնել է, որ որպես Հռոմի հանդիպման արդյունք, կսահմանվեն Ղարաբաղ ուղարկվելիք դիտորդների մանդատը, վայրը եւ ժամկետը։ Այնուհետեւ 5 երկրների ներկայացուցիչներից բաղկացած խորհրդակցական խումբը կպարզի Մինսկի խորհրդաժողովի ժամկետը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives