«Հայաստանի Հանրապետություն», 24 հունվարի, 1992թ., թիվ 15 (360)
– Պարոն Սարգսյան, գրեթե երկու ամիս է, ինչ հիմնվել է Ձեր նախարարությունը: Ձևավորման ո՞ր փուլում է գտնվում այն և այսօր ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրներ են ծառացած նախարարության առջև:
– Կազմակերպչական առումով աշխատանքը բավականին առաջ է գնացել: Կառուցվածքներն արդեն հայտնի են ու հստակեցված, հայտարարված է շտաբը, և հունվարի 23-ից նախարարության ծառայողները հրամանագրվեցին աշխատանքի: Որոշակի բարդություններից հետո նախարարությանը տրամադրվել է առանձին շենք և մոտ օրերս կտեղափոխվենք այնտեղ: Ձևավորված են նաև թե նախարարության, թե գլխավոր շտաբի բոլոր վարչությունները: Ներկա փուլում դժվարություններ ունենք կադրերի հարցում, զգացվում է զինվորական մասնագետների խիստ պակաս:
Այսօր կարելի է ասել, որ նախարարությունը ծնվել է, հետևում են մնացել «երկունքի ցավերը» ու աշխատանքները հիմնականում հունի մեջ են ընկել: Կուզեի շեշտել հանրապետության ղեկավարության կազմակերպական, ֆինանսական, այլ շատ հարցերում մեզ ցույց տրված աջակցությունը: Փաստորեն մեր առջև գրեթե փակ դռներ, չլուծված հարցեր չեն եղել. բոլոր հնարավորությունները տրվել են նախարարության ստեղծման համար:
Ներկայումս նախարարությունը աշխատում է երեք ուղղությամբ. կառուցվածքների հաստատման ու ամրապնդման, կադրային և, բնական է, պատերազմական իրավիճակով թելադրված խնդիրներով: Գործունեության կարևորագույն ոլորտներից են ռազմական քաղաքականության ձևավորումն ու զինակոչը:
– Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ են հաստատված հանրապետության տարածքում տեղակայված նախկին խորհրդային բանակի զորամիավորումների հետ, ի՞նչ հեռանկար է սպասվում այդ հարաբերություններին:
– Մենք աշխատում ենք բանակի հետ պահպանել նորմալ փոխհարաբերություններ: Սա նաև մեր պետական քաղաքականությունն է: Եվ կարծես թե դա մինչ այս իրականացնել հաջողվել է: Սակայն բանակում տիրող ներկա անկարգությունը, ռազմական քաղաքականության մեջ առկա անորոշությունը խոչընդոտում են այդ հարաբերությունների զարգացմանը: Կարծես թե կան որոշ ուժեր, որոնց ձեռնտու չէ բանակի հետ ունեցած մեր նորմալ փոխհարաբերությունը: Նշեմ երկու փաստ. առկա էր ծառայությունից փախած զինակոչիկներին իրենց զորամասերը վերադարձնելու խնդիրը: Մենք այն հաղթահարեցինք մեկ շաբաթվա ընթացքում, սակայն նրանց անհեթեթ քայլի պատճառով, 500 հոգու դարձյալ հետ էին ուղարկել տները: Կամ էլ ուղղաթիռների հետ կապված այդ տխրահռչակ պատմությունը. ամբողջ մեկ ամիս խոսակցություն էր գնում, որ ուղղաթիռները պատրաստվում են տանել, ինչը նրանք միշտ ժխտում էին: Նույնիսկ ասում էին, թե Ցխինվալից ուղղաթիռներ պիտի ուղարկվեն Հայաստան, ու խնդրում, որ տեղեր պատրաստենք: Եվ այդ ամենից հետո, փաստորեն, մեզ խաբելով, ուղղաթիռները տարան: Անդրկովկասյան բանակի հրամանատար Պատրիկեևը և 7-րդ բանակի հրամանատար Մեշչերյակովը պնդում էին, թե իրենք տեղյակ չեն: Ստիպված նրանց պահեցինք այնքան, մինչև որ ուղղաթիռները վերադարձվեցին: Այս միջադեպում ամբողջ մեղքը նրանց կողմն էր: Իսկ մենք մեղավոր էինք այնքանով, որ վստահել էինք այդ զինվորականներին: Նման փաստերը, ինչ խոսք, վատ են անդրադառնում մեր փոխհարաբերությունների վրա: Այսուհետ հարկ է ավելի բծախնդիր լինել: Չնայած բոլոր զորամասերում էլ ունենք մեր լիազոր ներկայացուցիչները, սակայն, ըստ երևույթին, սրանից հետո ստիպված կլինենք հսկողությունը ավելի ուժեղացնել: Իրենց` ռուսների սիրած խոսքն է` «Վստահիր, բայց ստուգիր»:
– Երեք տարի Հայաստանում զինակոչ չի իրականացվել: Հիմա արդեն հանրապետությունն ունի զինապարտության մասին իր օրենքը, ռազմական պետական կառույցներ: Այս պայմաններում ինչպե՞ս է ընթանում զորակոչը:
– Հանրապետությունում այսօր զորակոչը թեև փոքր խմբերով, բայց կատարվում է: Դարձյալ բախվում ենք 7-րդ բանակի հետ հարաբերություններին: Ինչպես ասացի, բանակում տիրող անորոշությունը, քաղաքական խնդիրները ռազմականին խառնելը զգալիորեն անդրադառնում են այդ հարաբերությունների վրա: Սայան ով էլ լինի 7-րդ բանակի հրամանատարը, ինչպիսի փոխհարաբերությունների մեջ էլ լինենք նրա հետ, այդուհանդերձ կա այդ բանակի կազմում 5000 հոգի զինակոչելու ստույգ պայմանավորվածություն, և այդ գործընթացն արդեն սկսված է: Սեփական ռազմական միավորումներում ևս զինակոչն արդեն ընթացքի մեջ է: Նախատեսում ենք մայիս ամսին այս երկու գնդերը ներկայացնել մեր ժողովրդին: Այսպիսով, 5000 հոգի կզորակոչվեն 7-րդ բանակի կազմում, նույնքան զորակոչիկ ծառայության կմտնի սեփական զորամիավորումներում, հավաք կլինի նաև նախկին խորհրդային բանակի սահմանապահ զորամիավորումներում: Տեղերի այս քանակը համապատասխանում է մեկ զորակոչի ընթացքում զինակոչիկների առկա թվին, սակայն այսօր բարդություն է առաջացել, քանի որ զգալի թվով երիտասարդներ են մնացել նախկին զորակոչերից: Ներկայիս խնդիրը նրանց ինչ-որ կերպ տեղավորելն է:
Հիշեցնեմ նաև, որ ցանկության դեպքում զինակոչիկները պայմանագրային հիմունքներով իրենց ծառայությունը կարող են անցկացնել նաև այլ հանրապետությունների տարածքներում:
– Վերը նշեցիք, որ իրեն զգացնել է տալիս զինվորական մասնագետների պակասը: Նախարարության կողմից ի՞նչ է արվում մասնագետ կադրերի պատրաստման ուղղությամբ:
– Ասեմ, որ այս խնդրով մենք մինչև հիմա վատ ենք զբաղվել: Դիմել ենք հայ, հատկապես բարձրաստիճան այն սպաներին, որոնց կարիքը մենք զգացել ենք: Սակայն փորձը ցույց է տալիս, որ միջին օղակի սպաները, որոնք ավելի երիտասարդ են ու եռանդուն, առավել մեծ գործ կարող են անել, քան տարիքավորները: Ավելի լավ է վստահել երիտասարդ սերնդին, և նրանք առավել օգտակար կլինեն: Նրանք համեմատաբար լավ են ըմբռնում այսօրվա վիճակը, ավելի հողեղեն, իրատես ու գործնական են, իսկ տարիքավորները մեծ մասամբ դասական, տեսական տարբերակներով են աշխատում:
Քայլեր են արվում ռազմական դպրոցների ստեղծման ուղղությամբ, ինչը դժվարին խնդիր է: Դպրոցը միանգամից չի կարելի ստեղծել, դրա համար անհրաժեշտ են ամուր հիմքեր, ժամանակ: Այս հարցին պետք է շատ լուրջ մոտենալ:
– Պարոն նախարար, ըստ հանրապետության զինապարտության մասին օրենքի, բուհերի ուսանողները ազատված են զինվորական ծառայությունից: Միաժամանակ, բարձրագույն ուսումնական հաստատություններում փակված են ռազմական ամբիոնները, ուր ուսանողությունը ծանոթանում էր ռազմական արվեստի այբուբենին, ստանում սպայական կոչումներ: Ստեղծված պայմաններում երիտասարդների մի զգալի մաս, փաստորեն, զինվորական պատրաստվածությունից, բառիս բուն իմաստով մնում է անգրագետ: Դա շռայլություն չէ՞ արդյոք մեր փոքրիկ հանրապետության համար:
– Դա ոչ միայն շռայլություն է, այլև ոչ խելամիտ մոտեցում: Ժամանակին ռազմական ամբիոնները փակվել են Մոսկվայից և հիմա բարձրագույն կրթության և գիտության նախարարության հանձնարարությամբ բուհերում մենք վերականգնելու ենք դրանք:
Ինչ վերաբերում է վերը հիշատակված օրենքին, որը Գերագույն խորհուրդը ընդունեց, երբ ես համապատասխան հանձնաժողովի նախագահն էի, ապա հատկապես ուսանողությանը վերաբերող կետում այն զգալի թերություններ ունի: Այնտեղ չափազանց մեծ արտոնություններ են սահմանված: Այս պահին, երբ մենք զինակոչիկների ավելցուկ ունենք, դա, թերևս հանդուրժելի է, սակայն որոշ ժամանակ անց այդ օրենքը անպայմանորեն պետք է վերանայվի:
– Եղան հանրապետություններ, որոնք իրենց տարածքում տեղաբաշխված ռազմական ուժերը հռչակեցին իրենց սեփականությունը, իսկ նախագահ Մութալիբովը հայտարարեց, որ Ադրբեջանի ազգային բանակը ամբողջությամբ ձևավորվել է և ունակ է ինքնուրույն պաշտպանելու իր սահմանները…
– Մութալիբովի հայտարարությունը ընդամենը հայտարարություն է, մեծախոսություն: Արդեն երկու տարի է, շեփորում են, թե այդ բանակը իրենցն է, բայց իրականում այդպես չէ: Եթե այսօր 4-րդ բանակ, իրոք, ամբողջությամբ իրենց տան, միևնույն է, նրանք այն օգտագործել չեն կարող:
Չգիտես ինչու, բոլորին թվում է, թե բանակը այնպիսի տեղ է, որ յուրաքանչյուրը կարող է մտնել, ղեկավարել: Ոչ ոք չի մտածում, որ ինքը կարող է դառնալ երգիչ կամ ֆիզիկոս, բայց բոլորին թվում է, թե իրենք կարող են դառնալ զորավար: Բանակը նույնպես մշակույթի հետ կապված երևույթ է: Բանակ ունենալու համար պետք է ունենալ համապատասխան մշակույթ:
Յոթերորդ բանակը, իհարկե, Հայաստանի բանակն է, և նրա ունեցվածքը Հայաստանի ունեցվածքն է: Այդ խնդիրը մենք երբեք էլ այլ կերպ չենք ընդունել: Սակայն 7-րդ բանակը աստիճանաբար ենք մերը դարձնելու, հաջորդաբար, օրինաչափ կերպով, փուլ առ փուլ: Ամբողջ այդ բանակը տնօրինելու համար զգալի նախապատրաստություն է հարկավոր: Հենց թեկուզ այսօր մեզ հատկացված 5000 տեղի առումով արդեն բարդություններ կան: Դրանցից 2500-ը պետք է լինեն մասնագետներ, ամենաքիչը գոնե վեց ամիս ուսումնառություն անցածներ, մինչդեռ այսօր մենք այդ հնարավորությունը չունենք: Սրանք, ինչ խոսք, լուծելի խնդիրներ են, սակայն դրա համար ևս ժամանակ է պահանջվում:
– Պարոն Սարգսյան, Ձեր նախարարության առաջին հայտարարություններից մեկը վերաբերում էր զինված կազմավորումներին. նրանց կոչ էր արվում մտնել պետական կառույցների մեջ, հակառակ դեպքում ճանաչվում էին ապօրինի: Կարելի՞ է ասել, որ այսօր հանրապետությունում չկան ապօրինի զինված խմբավորումներ: Ի՞նչ կասեք ռազմական միավորումների կուսակցականացման երևույթի առնչությամբ:
– Ուրիշ կերպ լինել չի կարող: Ո՞ր իրեն հարգող պետությունը թույլ կտա պետական կառույցներից դուրս ռազմական միավորումների գոյությունը: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նման ապօրինի խմբավորումներ չկան:
Ինչ վերաբերում է կուսակցականությանը, ապա Հայաստանում նման բան քիչ է նկատվում, որովհետև պետական կառույցները այսպես թե այնպես ամուր են: Պակաս դեր չի խաղում նաև այն, որ Հայաստանում առկա զինված ուժերը հիմնականում միասին են սկսել շարժումը, միասին մտել պետական կառույցների մեջ և միասին են շարժվում առաջ` դեպի ազգային բանակ:
Սակայն այդ ախտահարուցիչը Հայաստանից փորձում են տարածել Արցախում: Արցախի պաշտպանությունը, ես ասում եմ սա ամբողջ պատասխանատվությամբ, իր բոլոր առումներով` թե նյութական, թե մարդկային, կատարվում է բացառապես հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Ոչ մի կուսակցություն ու կազմակերպություն չի կարող ժխտել այդ բանը: Շատ հաճախ, ելնելով թե ռազմական, թե քաղաքական նկատառումներից, մենք այդ բանը չենք ներկայացնում, և դրանից օգտվելով մի շարք կուսակցություններ ու կազմակերպություններ քաղաքական դիվիդենտներ շահելու համար պետության արածը վերագրում են իրենց: Արցախում դեռևս մինչև այսօր կա կուսակցական զինվոր, կուսակցական զենք: Տղաները իրենք արդեն այդ ամենից հոգնել են: Արցախում ևս պաշտպանությունը հիմնականում կազմակերպվում է կառույցների մեջ, և թե մենք, թե Արցախում այն կարծիքին են, որ այդ կառույցներում կուսակցականություն չպետք է լինի:
– Ներկայացրեք, խնդրեմ, այսօր Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում առկա ռազմական կացությունը:
– Արցախը աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը և մենք` ժողովրդով, պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ` կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին: Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում: Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն: Կարելի է ասել, որ այսօր, գրեթե 99 տոկոսով այդ կենտրոնացվածությունը կա, ինչը պիտի ամրացնենք ու ուժեղացնենք: Իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ:
Մինչև մեր նախարարության ստեղծումը Հայաստանի սահմանների հսկողությունը իրականացնում էր հանրապետության ՆԳՆ-ն: Հիմա արդեն այդ գործը հանձնված է օրինական տիրոջը` զինկոմիսարիատներին:
Ստեղծված է Հայաստանի սահմանապահ երեք տարածք` Հարավային, Հյուսիսային և Հարավարևմտյան: Սահմանապահ վարչության պետ է նշանակվել Գրիգոր Գրիգորյանը: Հյուսիսային և Հարավային թևերում համապատասխան կառույցները արդեն ստեղծվում են: Սրանք ամրացնելուց հետո մեր սահմանամերձ շրջանների պաշտպանվածությունը կուժեղանա եռակի-քառակի անգամ:
– Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել հայ զինվորին:
– Առաջին հերթին կուզեի խոսել հայ զինվորի բարոյական կերպարի մասին: Նրա բարոյական դիմագիծը պետք է լինի անարատ: Մենք երկար ժամանակ բանակ, զինվոր չենք ունեցել, և նորաստեղծ մեր կառույցը պիտի լինի զուլալ, արմատը` շատ մաքուր: Հայ զինվորին կուզեի տեսնել անբիծ, անշահախնդիր և պետական մտածողության տեր, ինչը, ցավոք, այսօր բացակայում է:
Ազգային բանակի ստեղծման այս փուլում հատկապես շատ կարևոր է գաղափարախոսական աշխատանքը: Այդ հարցում մենք կաղում ենք: Կան ուժեր, որոնք ցանկանում են և կարող են կատարել այդ գործը, բայց, չգիտես ինչու, քչերն են մեզ դիմել: Մինչդեռ մենք նրանց կարիքը շատ ունենք և սիրով կընդունենք:
Մեզ համար մեծագույն չարիք է խմբապետությունը, ինչից հարկ է, որ ազատվենք: Եթե հայ զինվորը չսովորի ենթարկվել հայ եֆրեյտորին, մենք երբեք չենք կարող բանակ ստեղծել:
Հարցազրույցը վարեց Հրայր Զորյանը
Հ.Գ. Հիշեցնում ենք, որ Հայաստանի պետական բանկի գործառնական վարչության 141511 հաշվի համարով բացված է պաշտպանության հիմնադրամ, ուր յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ավանդը ներդնել հայրենիքի պաշտպանության գործում: