«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
«Հայլուրի» թղթակիցը Փարիզից տեղեկացնում է, որ պաշտոնական այցով այստեղ ժամանած ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 12-ի կեսօրից հետո հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին։ Ստորագրվել է երկու պետությունների համերաշխության, բարեկամության եւ համագործակցության միջպետական պայմանագիր։
Իսկ նույն օրվա առավոտյան ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի վարչապետ Պ. Բերեգովուայի հետ։ Զրույցի ժամանակ վարչապետը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի շարունակվող շրջափակման վերաբերյալ։ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Պ. Բերեգովուան խոսել են նաեւ երկու երկրների տնտեսական համագործակցության, տնտեսական հարաբերությունների ստեղծման եւ խորացման մասին։
Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի միջազգային մշակութային կապերի գծով պետական քարտուղար Կատերինա Դասկայի, նախկին ներքին գործերի նախարար Շ. Պասկուայի հետ։ Մարտի 13-ի երեկոյան Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Մարտի 14-ին նախագահը կվերադառնա Երեւան։
«Հայլուր»