«Մշակ», 30 հուլիսի, 1918թ., թիվ 147
Ստեղծագործական աշխատանքի առաջին իսկ քայլերից հայկական իշխանության առաջ ներկայանում է մի շատ լուրջ խնդիր, որի լուծումից կախված կլինի որ միայն իրա այդ իշխանության ամրապնդումը, այլ և, որ գլխավորն է, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։
Դա պարենավորման խնդիրն է։ Դեռ նորմալ տարիներին, Երևանյան նահանգի բերքը երբեք էլ չի բավարարել տեղական ազգաբնակության կարիքներին, ու նա ստիպված է եղել իր պարենի մեծ մասը բերել տալ Ռուսաստանից։
Ուր մնաց, թե այսօր, երբ բոլոր շրջաններից հայության բեկորները թողած իրանց տունն ու տեղը, իրանց հոտերն ու ցանքսերը՝ փախել ու պատսպարվել են այդ լեռնային անբերրի կախարդական օղակի մեջ։
Եկողներն ասում են, որ չտեսնված բերք կա այժմ Երևանի շրջանում։ Դա անշուշտ մխիթարական փաստ է մեր օրերում։ Սակայն գիտենք, որ այդ մխիթարական փաստից մենք օգտվելու ոչ մի հնարավորություն չունենք։ Այն շրջանները, որոնք հացի առատությամբ Երևանյան նահանգի շտեմարաններն են համարվում, այսօր այլևս մեր ձեռքումը չեն, ինչպես Շիրակը, Կարսը, Սուրմալուն, Սարդարաբադը, Վեդի-Բասարը, Գյառնի-Բասարը, Շարուրը և Նախիջևանը։
Թուրքիան, որ երկաթուղագծի պահանջը պատճառաբանում էր ռազմական դիտումներով, իբր թե անգլիացիների դեմ զորք փոխադրելու համար, այսօր փաստորեն ծառայեցնում է նրան՝ այդ գրավված շրջանների ավար բերքն ու ժողովրդի հարստությունները Թուրքիա փոխադրելու համար։
Ահա այդ է պատճառը, որ հայկական հանրապետությանը թողնված այդ լեռնային անբերրի շրջանը, որ միշտ էլ ապրել է աղքատ ու կիսաքաղց ու միշտ էլ հոգացել է իր կարիքը դրսից ստացված պարենով, այսօր, շնորհիվ մեր կյանքում ստեղծված մի շարք ձախորդ հանգամանքների, զրկված է մինչև իսկ սովորական տարիներին համապատասխան բերքից, որովհետև նրա ցանքսերի մի խոշոր մասը կամ ոտնահար է եղել և կամ, դեռևս չհասունացած՝ գաղթականական լավինայի առաջ վերածվել է արոտի, և ուրեմն միանգամայն անկարող նույնիսկ ամենախիստ տնտեսումների դեպքում ապրեցնել երեք ամսից ավելի այդ հնոցում հավաքված մոտ կես միլիոնաչափ ժողովուրդը։
Այդպիսով հայկական հանրապետության համար պատրաստվում է տրագիկական մի դրություն, որի հետևանքները այժմից արդեն նշմարվում են։
Որ այդ այդպես է, երևում է այն սոսկալի փաստերից, որոնց մասին խոսում են իրազեկ անձինք։ Նրանք ասում են, որ փախստականները հնձած արտերն ընկած ժողովում են թափթփված հասկերը, որպեսզի սովամահ չլինեն, որ քաղցած մարդիկ դաշտերն ընկած, անասունների նման, ուղղակի խոտ են արածում։ Սա դեռ հունձի օրերին, հապա ի՞նչ պիտի լինի նրա դրությունը մի քանի ամիս հետո, երբ ձմեռը վրա հասնի։ Ինչպե՞ս փրկել նրան սովամահությունից։