«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)
Երեկ Հայաստանի ԳԽ եւ կառավարության նախագահություններն ընդունել են դիմում ուղղված Հայ ժողովրդին, որը եւ ներկայացնում ենք ստորեւ.
«Հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունը դժվարին փորձության առջեւ է։ Հայ ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչության քաղաքականությունը, որը սաստկանում է հատկապես ղարաբաղյան ռազմաբեմում՝ ինքնապաշտպանական ուժերի հաջողություններին զուգընթաց, նորանոր դրսեւորումներ է ստանում՝ ընդունելով հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիների նկատմամբ բացահայտ պատերազմի տեսք։
Հայաստանը լիակատար շրջափակման մեջ է։ Հերթական անգամ Վրաստանի տարածքում պայթեցվեց հանրապետությունը սնուցող զազատարը։ Չի գործում երկաթուղին, Թուրքիան արգելել է իր ցամաքային եւ օդային տարածքներով որեւէ փոխադրում։ Ադրբեջանը համառորեն ձզտում է ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել Հայաստանը։
Մեծագույն ջանքերի շնորհիվ վերջերս նկատվում էր տնտեսական կյանքի աշխուժացում, մարդիկ վերադարձել էին աշխատանքի, գործարաններն սկսել էին արտադրանք տալ, նկատելիորեն ավելացել էր ապրանքների արտահանումը։
Այս ճգնաժամային պայմաններում Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ կանեն հնարավորը՝ ապահովելու կենսագործունեության օբյեկտների անխափան աշխատանքը, առկա ռեսուրսների համաչափ ու արդարացի բաշխումը, քաղաքական ու տնտեսական կայունությունը։
Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մեր հայրենիքի համար ամենաճակատագրական պահերից մեկը, եւ մեր սերնդի պատմական առաքելությունն է միակամ եւ վճռական ամրապնդել հայոց պետականությունը, դիմակայել բոլոր դժվարությունները, շարունակել սատար կանգնել ԼՂ Հանրապետության մեր եղբայրների արդար պայքարին»: