«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)
«Նեզավիսիմայա գագետա» թերթի օգոստոսի 5-ի համարում հրապարակվել է Հայաստանում Դաշնակցային Ռուսաստանի դեսպան Վլ. Ստուպիշինի «Ազգի ինքնորոշման իրավունքը եւ պետությունների տարածքային ամբողջականությունը» վերտառությամբ հոդվածը, որտեղ մասնավորապես ասված է.
«… Սահմանները գծվում էին ազգերի կենդանի մարմնի վրայով, որոնք ըստ իրավահավասարության աստիճանի մասնատվեցին մի քանի տեսակների: ԽՍՀՄ ժողովարդների մեղքով չէ, որ նրանք պետական տարբեր կարգավիճակ են ունեցել, բայց դա պետական կարգավիճակ է եղել։ Եւ եթե այդ կարգավիճակը ճանաչել է ամբողջատիրական պետությունը, ապա ժողովրդավարացման դարաշրջանում Աստված ինքն է թելադրել այն լրացնել իրական բովանդակությամբ։ Կարծում եմ, ինքնավարությունների ժողովուրդների միակ ցանկությունը իրենց տարածքում իրենց ճակատագիրը տնօրինելու ազատության ձեռքբերումն է։ Ինքնավարությունների տարածքները՝ դրանք իրենց տարածքներն են, նույնիսկ, եթե նրանք մեկուսի կտորներով հայտնվել են որեւէ այլ պետության տարածքում։
Դաշնակցության տարածքը նրա բաղկացուցիչ մասերի տարածքների ամբողջությունն է։ Դա վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ ինքնավարությանը կազմավորվել է միատարր հանրապետության սահմաններում։ Նրա եւ ինքնավարության իշխանությունների միջեւ հարաբերությունները կարող են լինել կամ դաշնակցային, կամ համադաշնակցային, կամ միջպետական։ «Շրջապատող» պետության կողմից պետության նման կառուցումից հրաժարվելը ապօրինի է, հակասում է միջազգային իրավունքին եւ կարող է վկայել միայն ոեժիմի ոչ քաղաքակիրթ, հակաժողովրդավարական բնույթի մասին, որը անտեսում է իր իշխանության տակ հայտնված ժողովրդի ազգային ինքնորոշման բնական իրավունքը։ Դա առավել եւս ճշմարիտ է, երբ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշվում է զենքի ուժով, իսկ ինքը՝ ժողովուրդը, դուրս է մղվում իր գյուղերից ու քաղաքներից, որոնք իսկույն վերանվանվում են, որպեսզի նախկին բնակիչներից հետք չմնա»։