«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ
Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձավ նաև մոսկովյան Կոմերսանտ շաբաթաթերթը։ Թղթակիցների օպերատիվ ռեպորտաժները միութենական ընթերցողին ծանոթացրին շրջանում տիրող բարդ իրավիճակին։ Ներկայացնում ենք Կոմերսանտի մայիսի 13-ի համարում տպագրված հոդվածը։
Ապրիլի 22-ից խորհրդային բանակի և ադրբեջանական օմօնի զորամիավորումները ակտիվ մարտական գործողություններ են ձեռնարկել սահմանամերձ հայկական գյուղերի դեմ։ Պաշտոնապես հայտարարված գործողությունների նպատակն էր «հայ գրոհայինների ընկճումը և զինաթափումը, նրանց հենակետերի ոչնչացումը»։ «Կոմերսանտի» հատուկ թղթակիցներ Իգոր Սվինարենկոն և Սերգեյ Պոդլեսնովը հաղորդում են մարտական գործողությունների շրջանից։
Մայիսի 8, Արծվաշեն
Խորհրդային բանակի կանոնավոր գունդը իրագործում էր պրեզիդենտի անօրինական զինված կազմավորումների զինաթափման մասին օրենքը հայկական Արծվաշեն գյուղում (այս գյուղը գտնվում է սահմանից 7.5 կմ հեռավորության վրա Ադրբեջանի տարածքում)։ Ըստ հաղթանակած զինվորների, այդպիսի կազմավորումներ էին հովիվների խմբերը, որոնցից խլել էին տասնհինգ սովխոզային որսորդական հրացան և միլիցիոներների ջոկատը, որոնցից բռնագրավել էին 10 ավտոմատ հրացան և վկայականները… Զինվորականները գյուղի վերևից մի քանի հրետանային համազարկեր արձակեցին և զենքի հանձնումը ընդունեցին գյուղի ծայրամասում, առանց գյուղ մտնելու։
Մեր այն հարցին, թե ինչու բանակը գյուղում չի փնտրում գրոհայինների, որոնց համար էլ ծրագրվել էին այդ գործողությունները, գնդի փոխհրամանատարը, խորհրդային բանակի փոխգնդապետ Սերգեյ Կուրմաչովը պատասխանեց, որ այդպիսի հրաման չի ստացել։
Ըստ նրա, խորհրդային բանակը խաղաղասիրական առաքելությամբ է եկել գյուղ, որպեսզի կանխի հայերի և ադրբեջանցիների միջև բախումները։ Սակայն, ով է այդ առաքելությունը հանձնարարել և ինչպիսի զինմիավորումների, փոխգնդապետը հրաժարվեց հայտնել։ Փոխարենը, համաձայնվեց գնդի կոմերիտական կազմակերպիչ ավագ լեյտենանտ Արզու Հեյդարովը։ Նա պատմեց, որ գունդը մտնում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի 4-րդ բանակի կազմի մեջ և կիսով չափ կազմված է իր հայրենակից ադրբեջանցիներից։ «Ես վիրավորվում եմ, երբ հաղորդում են, թե ներքին զորքերը սպանել են այսքան թշնամի։ Այդ բոլորը մենք ենք արել, իսկ մենք ներքին զորքեր չենք, այլ խորհրդային բանակ»։ Ավելի ուշ, երբ զինվորականները լրագրողներիս թողեցին գյուղ, մենք, օգտվելով առիթից, Հեյդարովին խնդրեցինք ցույց տալ գրոհայիններին։ Կոմերիտական կազմակերպիչը ցույց տվեց զինաթափված հայ միլիցիոներներին։ Իսկապես, նրանց կարգավիճակը անհասկանալի էր, հատկապես միլիցիայի վկայականների և հեշվեցուցակային զենքի բռնագրավումից հետո։
Գյուղ եկավ նաև փոխգնդապետ Կուրմաչովը։ Պատասխանելով բնակիչների հարցերին, նա հաստատեց, որ իրոք բնակիչներին տրվել էր վերջնագիր, ըստ որի նրանք, ովքեր զենք են պահում և գործադրում, կգնդակահարվեն։
Բայց գյուղի ավագներից մեկը՝ Արշակ Կիրակոսյանը, որը մասնակցել էր բանակցություններին, հիշողությամբ ճշգրտեց վերջնագրի ձևակերպումը, այն է. զենքի օգտագործման մասին խոսք չգնաց, խոստացան գնդակահարել նրանց, ովքեր պահում են։
Փոխգնդապետը ճշգրտման հետ համաձայնեց։ Նա հանգստացրեց գյուղացիներին. «Ինչո՞ւ եք անհանգստանում, չէ՞ որ ոչ մեկին չենք սպանել»։ Ասվածը համապատասխանում էր իրականությանը։ Արծվաշենում իրոք զոհվածներ չեն եղել։ Այնուամենայնիվ, բնակիչները շարունակում էին անհանգստանալ. երկփողանի հրացանները նրանք ազնվորեն հանձնել էին, նրանց պահպանող միլիցիոներները նույնպես զինաթափվեցին և այդպիսով բնակիչները մնացին անպաշտպան՝ շրջապատված անբարյացակամ ադրբեջանցի բնակչությամբ։ Կուրմաչովին խնդրեցին գյուղ ուղարկել զինվորներին, որպեսզի հարևաններից պաշտպանեն, բայց նա պատասխանեց, թե այդպիսի հրաման չունի։
Հայաստանի Սևանի շրջանի ՆԳՆ-ի պետ Մնացական Խաչատրյանը, Կրասնոսելսկի շրջկենտրոնում մեր զրույցի ժամանակ նշեց, որ իր ենթակաների զինաթափումը արյունահեղությունը կանխարգելող ճիշտ միջոցառում էր, քանզի… «միլիցիոներներից ինչ-որ մեկի նյարդերը կարող է չդիմանային, այն բանից հետո, երբ զինվորականները Նոյեմբերյանի շրջանում սպանել էին նրանց 11 ընկերներին»։
Հայաստանի ՆԳՆ-ի տվյալների համաձայն, մայիսի 6-ին Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի շրջակայքում խորհրդային բանակը և ադրբեջանական օմօնականները կրակել են 20 հայ միլիցիոներների ավտոբուսի վրա։ 11 մարդ տեղում մահացել էին, երեք վիրավորների տարել էին Ադրբեջան, որտեղ նրանք մահացել էին վերքերից, վեցը գերի էին տարվել։
Մայիսի 10, Պառավաքար
Այդ օրը, ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուչարյանի, հանրապետության ամենաթեժ կետը Պառավաքարն էր։ Նախարարի փաստերի համաձայն, առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական տարածքից ժամանել են խորհրդային բանակի ստորաբաժանումներ՝ հրասայլերով և ուղղաթիռներով շրջապատել գյուղը։ Զինվորականները վերջնագիր ներկայացրին. կամ մինչև ժամը 16-ը հայ գրոհայինները պետք է հանձնեն ավտոմատները, գնդացիրները, նռնականետները, կամ էլ գյուղը կոչնչացվի, իսկ գերված պատանդներին կհանձնեն ադրբեջանական կողմին։
Մենք այդտեղ հասանք մի քանի ժամ անց և համոզվեցինք, որ նախարարի փաստերը ճիշտ են։ 5-6 ուղղաթիռներից, տասնյակ հրասայլերից ու զրահամեքենաներից բացի, գետի երկայնքով կանգնած էին հրետանային «Գրադ» հրանոթները։ Լավ լսվում էին հատ-հատ ավտոմատային կրակոցներ և ուղղաթիռային թնդանոթների համազարկերը։ Գյուղ չկարողացանք մտնել, մեր մեքենայի առաջը փակեց զրահամեքենան։ Երկու սպաներ՝ գնդապետ և մայոր, հետաքրքրվեցին մեր այցելության նպատակով։
Իրենց ազգանունները նրանք հրաժարվեցին հայտնել, բայց Պառավաքարի նկատմամբ ունեցած իրենց հետաքրքրությունը բացատրեցին այսպես. «Օրվա ընթացքում 2 անգամ՝ 5։30-ին և 7։00-ին հայ գրոհայինները ականանետներից, նռնականետներից և ավտոմատներից ուղիղ կրակում էին զինվորականների վրա», վիրավորել են մի քանի զինվոր և սպա, նրանցից երեքը՝ ծանր։ Անանուն գնդապետը հայտնեց, որ երկրորդ հարձակման ժամանակ նրանք հասցրին հակահարված տալ և վիրավորել մեկ գրոհայինի։ Ճիշտ է, վիրավորվածը հասցրեց թաքնվել։ Իր վիրավորներին նույնպես հրաժարվեց ցույց տալ, հայտարարելով, թե նրանց տարել են գաղտնի հոսպիտալ։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք գյուղի գնդակոծումը նրա դեմ ուղղված ռեակտիվ հրանոթներից, նա պատասխանեց, որ հնարավոր է։ Եվ անգամ Կոմերսանտի թղթակիցներին առաջարկեց անձամբ կրակել։ Կրակելու առաջարկը մենք խնդրեցինք փոխարինել գյուղ մտնելու թույլտվությամբ։ Խորհրդակցելով ղեկավարության հետ, գնդապետը մերժեց։ Եվ հայտնեց նաև ղեկավարության որոշումը, եթե մի քանի րոպեից թղթակիցներն իրենց մեքենայով չհեռանան, ապա մեքենան զրահատեխնիկայով կճզմվի։ Հրաժեշտին գնդապետը խլեց նաև մեր վարորդի՝ Հայաստանի ՆԳՆ հատուկ նշանակության կրտսեր հրահանգիչ Զավեն Համբարձումյանի հաշվեցուցակային ատրճանակը։ Զենքի առգրավման թույլտվություն չէր եղել և միլիցիոների ազգանվամբ էլ չհետաքրքրվեցին։ Մեր վարորդը ենթադրեց, որ իր ատրճանակը, ինչպես նաև նախկինում հայ միլիցիոներներից խլված զենքը կներկայացվի հասարակայնությանը, իբրև գրոհայիններից բռնագրաված ռազմավար։ Մենք խնդրեցինք այդ դեպքի համար տպագրել ատրճանակի համարը. ПМ 1Б 8072 1987 թվականի թողարկում։ Զրահամեքենաների հսկողության ներքո Կոմերսանտի թղթակիցները կատարեցին ռազմական հրամանը. «գյուղից հեռանալ 5 կմ»։ Զրահամեքենան վերադարձավ նախկին դիրքերը, իսկ մենք չշարունակեցինք ճանապարհը, այլ մնացինք հետևելու ռազմական գործողություններին։ Զինվորականները կրակում էին գյուղի կողմը, երկու անգամ օգտագործեցին «Գրադ» ռեակտիվ արկերը, որոնք, թռչելով գյուղի վերևով, պայթում էին լեռների լանջերին։
Երեկոյան ժամը ութին կրակոցները դադարեցրին, զորքերը շուռ եկան և վերադարձան Ադրբեջան։ Մենք գնացինք գյուղ և հանդիպեցինք պատանդների, որոնք նոր էին վերադարձել զինվորականների հավաքած վրանային շտաբից։ Գյուղխորհրդի նախագահին, գլխավոր ինժեներին և շրջանային ՊԱԿ-ի վարչության պետին որպես խորհրդականներ կանչել են բանակցությունների և ըստ իրենց, թողել են որպես պատանդներ, «մինչև չվերադարձնեն գյուղում թաղված հրասայլը»։
Շրջանային ՊԱԿ-ի վարչության պետ Սաշա Թովմասյանը որպես պորֆեսիոնալ, բոլորից լավ է կողմնորոշվել այդ իրադրության մեջ։ Նա պատմեց, որ շտաբում գլխավորը եղել է մի գեներալ-մայոր, որը ներկայացել է իբրև Անդրեև՝ ԽՍՀՄ ՆԳՆ քրեական հետախուզության վարչությունից։ Թովմասյանի խոսքերով, սկզբում զինվորականները պահանջեցին 120 հատ զենք՝ ավտոմատներ, գնդացիրներ, նռնականետներ և հրասայլ, որոնք ըստ Անդրեևի, գրոհայինները պահել են գյուղում։ Սակայն նրանք ստիպված եղան բավարարվել միան 6 որսորդական հրացաններով։