Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80
«Արևմտյան նավթային ընկերությունները հույս ունեն, որ Հեյդար Ալիևը մայիսի 24-ին Բաքվում նավթի ու գազի հանույթի սարքավորումների միջազգային ցուցահանդեսի ընթացքում կհաստատի արևմտյան ընկերությունների կոնսորցիումի հետ համատեղ «Ազերի» և «Չըրագ» հանքավայրերի մշակման նախագծի արձանագրությունը: Բրիթիշ Պետրոլիումի աշխատակիցներից մեկի խոսքերով, Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ»,— գրում է ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» թերթը: Հոդվածում ասվում է, որ նավթային պայմանագիր կնքելով Ադրբեջանի հետ, արևմտյան նավթային ընկերությունները միջամտել են Ռուսաստանի սկսած աշխարհաքաղաքական բարդ խաղին: Հեղինակի կարծիքով, Ռուսաստանն ուժեղացնում է ճնշումը, որպեսզի մի կողմից քայքայի Ադրբեջանի և Միջին Ասիայի տնտեսությունը, իսկ մյուս կողմից մասնակցի այդ երկրներում նավթի հանքավայրի մշակման նախագծերին: Թուրան-Սնարք