Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80
Բաքու, 29 ապրիլի: ԹՈՒՐԱՆ-ՍՆԱՐՔ: Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Ռասուլ Գուլիևի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի ապրիլի 26-ի հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես երկու երկրների ռազմական համագործակցության հարցեր: Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի Գաբալայի շրջանում գտնվող հեռավոր դիտարկման ռադիոլոկացիոն կայանի շահագործման կարգի շուրջը: Այդ օբյեկտի կարգավիճակի և դրա աշխատանքի ռեժիմի շուրջը բանակցություններ էին վարում դեռ անցյալ տարվանից: Ինչպես հայտնի դարձավ ռուսական ռազմական աղբյուրներից, Գուլիևի և Գրաչովի բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից այդ օբյեկտի վարձակալման մասին: Բանակցությունների ավարտից հետո Պավել Գրաչովը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունները կվավերացնեն Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի աշխատանքին վերաբերող փաստաթուղթը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները հաղորդում են, որ այդ կայանին կտրվի Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմական հենակետի կարգավիճակ: Ինչպես հայտնի է, ավելի վաղ Պավել Գրաչովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Անդրկովկասում ունենալ հինգ ռազմական հենակետ. Երեքը Վրաստանում, մեկական Հայաստանում և Ադրբեջանում: