«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հաղորդում են, որ օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունել է ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի միջազգային խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Պրն Ռաֆայելին ՀՀ նախագահին է ներկայացրել Մինսկի խորհրդաժողովի դիմումը, որով հակամարտության մեջ ընդգրկված կողմերին կոչ է արվում 60-օրյա զինադադարի համաձայնության գալ: Նա նշել է, որ կողմերի դրական արձագանքի դեպքում և ռազմական գործողությունների դադարեցման օրը ճշտելուց հետո, հնարավորություն կստեղծվի վերսկսել Հռոմի հանդիպումը և նախապատրաստել Մինսկի խորհրդաժողովը: Հակառակ դեպքում Մինսկի գործընթացը կհայտնվի փակուղում: Լ. Տեր Պետրոսյանը հավանություն տալով Մինսկի խմբի առաջարկին և պատրաստակամություն հայտնելով աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, միաժամանակ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ կայուն երաշխիքների բացակայությունն ինքնին վարկաբեկում է զինադադարի գաղափարը: Այդպիսի երաշխիք կարող է լինել զինադադարի գաղափարը: Այդպիսի երաշխիք կարող է լինել զինադադարի հենց սկզբից միջազգային դիտորդների ներկայությունը տարածաշրջանում: Դիտորդների մեխանիզմի խնդրի լուծման ձգձգումը Ռաֆայելին բացատրել է զինադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած տարբեր դիրքորոշումներով: Մասնավորապես, Ադրբեջանը գտնում է, որ այդ հարցը պետք է կարգավորվի իր և Հայաստանի միջև: Լ. Տեր-Պետրոսյանը հարցի նման դրվածքը համարել է արհեստական, ընդգծելով, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ: Այդ է վկայում նրա ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմաններում: Հարցը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև: Զինադադարի հաստատման դեպքում Հայաստանը պատասխանատու է միայն իր համար:
Լ. Տեր-Պետրոսյանը նաև նշել է, որ Հայաստանը իր հերթին որոշակի գործունեություն է ծավալել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ հատկապես ակտիվացել են կապերը Ռուսաստանի և Ղազախստանի հետ: Ալմա Աթայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործոց նախարարների հանդիպում: Արդեն մի քանի պետություններ պատրաստակամություն են հայտնել համապատասխան որոշում լինելու դեպքում անհապաղ դիտորդներ ուղարկել:
Այնուհետև Մ. Ռաֆայելին տեղեկացրել է Բաքվում իր ունեցած բանակցությունների արդյունքների մասին: Նրա կարծիքով, Ադրբեջանը դրական պատասխան կտա զինադադարի կոչին՝ այն դիտելով որպես ընդհանուր բնույթի պարտավորություն: Պրն Ռաֆայելին խոստացել է ԵԱՀԽ-ի նախագահության առջև հարց բարձրացնել դիտորդների մեխանիզմ ստեղծելու մասին: