«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.
2 օրում 14 զոհ, 26 վիրավոր հայկական կողմից
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տվյալներով, վերջին օրերի ընթացքում թեժ մարտերից հետո ադրբեջանական բանակի ստորաբաժանումներին հաջողվել է առաջանալ 2-3 կմ և գրավել մի շարք բարձունքներ Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ: Հակառակորդը գրավել է նաև Իոսիֆջանելի և Զարգյար գյուղերը: Մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը Ստեփանակերտից հաղորդեց, թե ադրբեջանցիների առաջխաղացման գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետակոծություններով և օդուժի գործադրմամբ: Դրա հետևանքով վերջին 2 օրերում մեր կողմից զոհվել են 14 և վիրավորվել 26 բնակիչներ:
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի կարծիքով ադրբեջանական բանակի հրամանատարությունը լայնածավալ հարձակում է նախապատրաստում ռազմաճակատի մի քանի ուղղություններով: ԼՂՀ շտաբի պետ Սեյրան Օհանյանի կարծիքով, ադրբեջանական զորքերի առաջընթացը բացատրվում է նրանով, որ ԼՂՀ զինված ստորաբաժանումները, կատարելով ԼՂՀ իշխանությունների և հրամանատարության կարգադրությունը, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Նա հայտարարեց, որ եթե ադրբեջանցիները չկանգնեցնեն հարձակումը, ԼՂՀ բանակին հրաման կտրվի ոչնչացնել թշնամու այն կրակակետերը, որոնք վտանգ են սպառնում:
Միևնույն ժամանակ, Ինտերֆաքս գործակալությունը, հենվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա, նշում է, թե անցյալ օրերի ընթացքում Ֆիզուլու շրջանում հատուկ դիրքային փոփոխություններ չեն գրանցվել: Ըստ նույն աղբյուրի, հայկական ուժերը գտնվում են Ֆիզուլիից 7կմ հեռավորության վրա: Ադրբեջանցի զինվորական փորձագետների կարծիքով, հայերը Ֆիզուլին չեն վերցնում, մտավախելով միջազգային հանրության բացասական գնահատականից և շրջկենտրոնի Իրանի սահմանի հետ մոտիկությունից, ինչից կարող են բարդություններ ծագել նաև Իրանի հետ:
Մինչդեռ ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամիզ Ռզաևը Ֆիզուլու գրավումը կապում էր Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար Իսկանադեր Համիդովի կողմից օգոստոսի 14-ին կազմակերպվելիք խռովության հետ: Ընդ որում, նա հայտարարել է, թե Ադրբեջանի համբերության բաժակը լցվել է և Համիդովի ջոկատները կզինաթափվեն: Սակայն Ռզաևը նաև նշել է, թե Ադրբեջանի ժողճակատի և հայկական կողմի կապի մասին, ըստ նրա, խոսում է «դեպքերի տրամաբանությունը», քանզի խռովությունը կապված է հայերի կողմից Ֆիզուլու գրավման հետ: Ավելին, պատասխանելով ԻՖ-ի թղթակցի հարցին, հնարավո՞ր է արդյոք պաշտպանել Ֆիզուլին, Ռզաևն ասել է, թե «այսպես կոչված հայկական ինքնապաշտպանական ուժերը գերազանցում են 7 միլիոնանոց Ադրբեջանական բանակին»: Իհարկե, դրանք պատասխանատվությունից խուսափելու ադրբեջանական կողմի հերթական արդարացումներն են, առանց լուրջ փաստարկի: