Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350)
Վերջին օրերի ընթացքում Տավուշի շրջանի սահմանամերձ տարածքում ստեղծված լարվածությունը շարունակվում է պահպանվել: Ինչպես Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը, հունվարի 15-ին ադրբեջանական ռազմական կազմավորումները «Գրադ» կայանքից և այլ հեռահար զենքերից ռմբակոծել են շրջանի Բերդ ավանը: Ռմբակոծության հետևանքով ավերվել են մի քանի շինություններ, խաղաղ բնակիչների մեջ կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիմել են պատասխան գործողությունների:
Ռազմական իրավիճակը լարված է նաև Իջևան-Նոյեմբերյան հատվածում: Արդեն 2 օր է, որ թշնամին կրակի տակ է պահում ավտոմոբիլային ճանապարհը: Երեկ ճանապարհի վրա գնդակոծվել է Նոյեմբերյանից Իջևան գնացող «ՈւԱԶ» մակնիշի մեկ ինքնաշարժ, որի երկու ուղևորները վիրավորվել են: Ժամը 18-ի դրությամբ գնդակոծվում էր շրջանի Բերքաբեր գյուղը: