Մշակ, 19 նոյեմբերի, 1917թ., թիվ 248
Երեկ Մոգիլևի բան. զին. և գյուղ. պատգ. Խորհուրդը պրապորշչիկ Կրիլենկոյից ստացավ հետևյալ հեռագիրը.
«Այսօր ուղարկել եմ պարլամենտյորներ բոլոր ճակատներում բանակցությունները սկսելու: Գերմանացիների համաձայնության դեպքում զինադադար է լինելու, մի անգամ ևս դաշնակիցներին զինադադարի առաջարկ անելու: Բան. և գյուղ. բոլոր կազմակերպությունները կոչ են անում կռվել հաշտության գործի համար: Զին. կոմիտեները պետք է իրենց ձեռքն առնեն իշխանությունը բանակների մեջ և իրենց ենթարկեն հրամանատարության կազմին, ըստ որում իրավունք եմ տալիս նրանց պաշտոնից հեռացնելու և ձերբակալելու: Դուխոնինի բոլոր հեռագիրները չպետք է հայտարարվեն և ի կատար ածվեն: Պարենավորման գործը չպետք է կանգ առնի նույնիսկ մի րոպե:
Խնդրում եմ Մոգիլևի բան., զին. և գյուղ. պատգ. Խորհուրդներին ձեռք առնել ամեն տեսակ միջոց Դուխոնինին պաշտոնից հեռացնելու համար:
Բոլոր բանակների և ճակատների հրամանատարներին խնդրում եմ ի նկատի ունենալ, որ ոչ մի հակառակություն թույլ չեմ տա:
Զին. գործերի ժողովրդական կոմիսար և գերագույն հրամանատար՝ Պրապորշչիկ Կրիլենկո