November 27, 2024

Պետության ստեղծումը դյուրին գործ չէ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364)

Օրերս Հայաստանում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, որը, ինչպես հայտնի է մամուլում եղած հաղորդագրություններից, մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի նախագահի, Գերագույն խորհրդի պատգամավորների և լրագրողների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր լրագրողի հարցազրույցը Ա. Մկրտչյանի հետ:

– Պարոն Մկրտչյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Կխնդրեի սկզբից ներկայացնեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների` խորհրդարանական հանձնաժողովների և կառավարության կառույցների ձևավորման ընթացքը, որովհետև սոսկ հայտարարելը դրանց մասին էական ազդեցություն չի կարող ունենալ հանրապետության իրական կարգավիճակի վրա, մանավանդ նկատի ունենալով ժամանակի գործոնը:

– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, որը ես դիտում եմ Արցախի ողջ ժողովրդին ուղղված շնորհավորական խոսք` ժողովրդական ընտրությունների անցկացման և անկախության հռչակման կապակցությամբ: Ինչ վերաբերում է պետական կառույցների ստեղծմանը, հիրավի, դա մեր առաջնահերթ խնդիրներից է, և Գերագույն խորհուրդը ձեռնամուխ է եղել այդ աշխատանքին: Արդեն ընտրվել են խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները, ձևավորվել է նախագահության կազմը: Նախարարների խորհրդի նախագահի ընտրության մասին, անշուշտ, տեղյակ եք, ավելացնեմ, որ ընդունվել է «Նախարարների խորհրդի մասին» օրենք, որի հիման վրա առաջիկայում խորհրդարանը կհաստատի նաև կառավարության կազմը և կառուցվածքը:

Իհարկե, անելիքներ դեռևս շատ կան, որովհետև վերջին 2 տարում Ղարաբաղում ինչ-որ տեղ ստեղծվել էր անիշխանության մթնոլորտ, որը պետք է ձգտենք հաղթահարել հնարավորին չափ կարճ ժամանակում:

– Բնական է, թերևս, որ մասնավորապես խորհրդարանի աշխատանքում առաջին շրջանում զգացվելու է օրինաստեղծ գործունեության պակաս: Այդ առնչությամբ հետաքրքիր է իմանալ ինչ գործնական արդյունք տվեցին Ձեր մի շարք հանդիպումները Հայաստանի Գերագույն խորհրդում։

– Անշուշտ, պետության ստեղծումն, ինչպես ասում են, դյուրին գործ չէ։ Սկզբի համար փորձում ենք ինչ-որ տեղ հենվել առկա կառուցվածքների վրա, մինչ նոր օրենքների մշակումը որոշ չափով կօգտագործենք գործող օրենսդրությունը։ Բնական է, որ այդ պայմաններում մենք շարունակ պետք է դիմենք առաջին հերթին Հայաստանի խորհրդարանի աջակցությանը, որն արդեն կուտակել է պետականության ստեղծման, օրենքների, որոշումների մշակման և ընդունման պատկառելի փորձ։ Մեր մշտական հանձնաժողովները պետք է սերտորեն համագործակցեն համապատասխան հանձնաժողովների հետ։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորական խմբերի հետ ունեցած հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք այն առաջնահերթ խնդիրները, հիմնարար օրենքների այն ցանկը, որոնց ընդունումը հիմք կծառայի հետագա օրենսդրության մշակման համար։

Նախարարների խորհրդի վերաբերյալ նշեմ, որ վերջերս աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանը։ Նա մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործունեության ձևերի և ուղղությունների շուրջ։

— Արցախի այսօրվա վիճակում թերևս հույժ կարևոր է, որ կենտրոնացված կառավարում իրականացնելու նպատակով շուտափույթ ձևավորվեն իշխանության տեղական մարմինները, կատարվի օպերատիվ կոորդինացված աշխատանք…

– Ճիշտն ասած, դա մեր հիմնական մտահոգություններից մեկն է, որովհետև ներկայումս շրջաններում փոքր-ինչ յուրահատուկ վիճակ է ստեղծված։ Որոշ շրջաններ (Հադրութ, Շահումյան…) փաստորեն վերածվել են ռազմական ճամբարների, և շարունակ նրանց նկատմամբ մ՛արտական գործողություններ են կատարվում։ Այս բարդ իրադրության պայմաններում հարկ է գտնել տեղական իշխանության համակարգի լավագույն տարբերակը։ Դրանք կլինեն խորհուրդները, թե նշանակված ներկայացուցիչները, դեռևս վերջնականապես վճռված չէ։ Առաջիկայում Գերագույն խորհուրդը լրջորեն կանդրադառնա այդ խնդրին։

— Վերը նշվածից, ինչպես նաև բնակչության կենսապահովմանն ուղղված, օպերատիվ պատճառներով, ցավոք, սուղ օգնությունից զատ Արցախն ուրիշ ի՞նչ օժանդակություն Է ակնկալում Հայաստանի Հանրապետությունից:

— Փաստորեն, Լեռնային Ղարաբաղն այսօր գտնվում է, քիչ է ասել՝ շրջափակման, այլ ուղղակի ռազմական պաշարման մեջ։

Այս իրավիճակում, երբ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու ոչ մի միջոց չկա, բացառված է տեղեկատվության փոխանակումը, Հայաստանի Գերագույն խորհրդի, կառավարության համապատասխան կառուցվածքները, որոնք կապ ունեն արտաքին աշխարհի հետ, պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն համաշխարհային հանրությանը ներկայացնելու Արցախի վիճակը: Պետք է միջազգային կազմակերպություններում շարունակ բարձրացնել այդ հարցը, ընդ որում՝ դա չպետւք է դիտվի որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, այլ՝ իրենց հայրենակիցների օրինական շահերի պաշտպանությանն ուղղված արդարացի բողոքի ձայն։

Այդպես վարվում են բոլոր քաղաքակիրթ երկրները, երբ մի ուրիշ պետության իրական վտանգ է սպառնում։

–  Եվ վերջին հարցը.  արդեն որպես բանակցությունների սուբյեկտ, Արցախի իշխանությունները փորձ արե՞լ են պետական մակարդակով ու Ադրբեջանի հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ։

– Պատանդների փոխանակման, կրակի դադարեցման և նմանատիպ հարցերի կարգավորման շուրջ տեղական մասշտաբով բանակցություններ մշտապես տեղի են ունենում, որը պատերազմող կողմերի միջև անխուսափելի Է։ Ինչ վերաբերում Է քաղաքական շփումներին, Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ լուրջ երկխոսության։

Այդպիսի հնարավորություն կստեղծվի միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կճանաչի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը։ Իհարկե, ծայրահեղություն կլինի հարցի լուծման քաղաքական միջոցներն անտեսելը, և մենք կփորձենք օգտագործել անգամ ամենաչնչին հնարավորությունը։

(Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives