Ազգ, 16 մարտի, 1991թ., թիվ 9
Փետրվարի 14-ին ՀՀ Դաշնակցության Հայ Դատի հանձնախումբը և ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նստացույց կազմակերպեցին Գերագույն խորհրդի նախագահության շենքի առաջ։ Նրանք պահանջում էին հրավիրել նստաշրջան և ապօրինի ճանաչել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերվող կետերը։ Հայաստանի խորհրդարանի 106 անդամներ դիմել են Գերագույն խորհրդի նախագահությանը քննարկելու և չեղյալ համարելու պայմանագրի նշված կետերը արտահերթ նստաշրջանում։
Գերագույն խորհրդի նախագահությունը երեկ հրավիրել էր պատգամավորական խորհրդակցություն, որին ներկա էին նաև ՀՀԴ հայաստանյան կազմակերպության և նստացույց կազմակերպած «Նիկոլ Աղբալյան» միության ներկայացուցիչները։
ՀՀԴ ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1921թ. «Մոսկվայի և Կարսի պայմանագրերի քաղաքական ու միջազգային-իրավական գնահատականի վերաբերյալ» որոշման նախագիծը։
Եղան թեր ու դեմ կարծիքներ, որտեղ շատ թույլ հնչեցին նախագծի կողմնակիցների առաջա քաշած փաստարկները։
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ այսօր, այս աշխարհաքաղաքական իարվիճակում այդ հարցի հապճեպ բարձրացումը քաղաքական շահարկում և արկածախնդրություն է, ինչը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով։ Խորհրդարանի նախագահը կոչ արեց այն պատգամավորներին, որոնք դիմումներ են հղել նստաշրջանում 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը վերանայելու վերաբերյալ, գիտակցել հարցի լրջությունը և հետ վերցնել դիմումները։
Միաժամանակ նա առաջարկեց վերը նշված հարցի փոխարեն քննարկել հայ-թուրքական ներկա հարաբերությունների հարցը։
Թերթի առաջիկա համարում կկարդաք խորհրդակցության մանրամասների մասին։