November 27, 2024

Պատահարների առջև

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 5 փետրվարի, 1920թ., թիվ 28

Ադրբեջանի ներքին քաղաքական կացությունը օր-օրի վրա սկսում է բարդանալ և նորանոր պատահարները սպառնում են միանգամայն տակն ու վրա անել այդ կացությունը։ Այն համագործակցությունը մուսուլմանության ու բոլշևիկների միջև, որ սկսել էր նշմարվել վերջիններիս հաղթություններից հետո, դառնում է Ադրբեջանի սահմաններում հերթական քաղաքական հարց, որի հաջող լուծումից է կախված այդ հանրապետության ապագա ընթացքը և գոյությունն անգամ։ Այս պրոբլեմը հավասարապես զբաղեցնում է Ադրբեջանի բոլոր քաղաքական խավերին ու հոսանքները՝ սկսած ծայրահեղ սոցիալիստներին ու աշխատավոր մասսաներից մինչև խիստ պահպանողական հակահեղափոխական բեկությունը։

Վերջին տարիների վայրիվերումների ընթացքում Ադրբեջանի քաղաքական բախտը որոշողը և նրա կյանքին ընթացք տվողն եղել է միայն ու միայն «Մուսավաթ» կուսակցությունը, որի հետևից գնացել է Ադրբեջանի թաթար մասսաների ստվար մեծամասնությունը, մյուս կուսակցություններին, թե աջ, թե ձախ, վերապահված էր Ադրբեջանում անպատասխանատու օպոզիցիայի դերը։ Հանրապետության արտաքին ու ներքին տերն ու տնօրենը միահեծան հանդիսանում էր «Մուսավաթը»։ Սակայն վերջին ժամանակներս հյուսիսի ու հարավի քաղաքական ուժերի ճնշման տակ Մուսավաթը սկսել է իր դիրքերից կամաց-կամաց նահանջել, տեղի տալով աջի ու ձախի ծայրահեղ հոսանքներին։ Ուժեղանում է բոլշևիկյան օրիենտացիա ունեցող Իթթիհատը, որը փաստորեն հանդիսանում է երիտասարդ թուրքերի կուսակցությունը և որը սերտորեն ու անբաժան կերպով կապված է տաճկական քաղաքական կուսակցության հետ։ Բավական է աչքի անցկացնել «Ազերբայջան Ֆուկարասը» կամ Իթթիհատը, որպեսզի պարզ լինի այդ կուսակցության իսկական էությունն ու նրա ձգտումների հեռապատկերը։ Այն բոլոր տարրերը, որոնք Տաճկաստանի մի մասնիկն են նկատում Ադրբեջանը, որոնք ոգևորված են պանիսլամական պրոպագանդով և իրենց ծրագրերի իրագործումը տեսնում են բոլշևիկների հետ համագործակցության մեջ, այսօր բաժանվելով Մուսավաթից՝ համախմբվել են Իթթիհատի շուրջը և քարկոծում են իրենց վաղեմի alma mater-ը։

Մյուս կողմից՝ ավելի արմատական ձգտումներով տրամադրված մասսաները տեսնում են իրենց շահերի պաշտպանությունը ավելի ձախակողմյան կուսակցության և մասնավորապես բոլշևիզմի մեջ և անջատվելով Մուսավաթից թեքվում են դեպի բոլշևիկյան կարմիր լոզունգները։ Եվ իզուր Մուսավաթն իր օրգան Իստիկյալի բերանով պահանջում է կառավարությունից գործադրել խիստ միջոցներ դրությունը փրկելու համար։ Անջատման ու կազմալուծման պրոցեսն արագորեն իր ընթացքը կատարում է։ Ադրբեջանյան սեփական օրիենտացիա ունեցող Մուսավաթը ականատես է այսօր իր շարքերի կազմալուծման ու քայքայման։ Ռասուլզադեի տեսակետը մնում է մեկուսացած և առանց մասսաների։ Այս քաղաքական կերպարանափոխությունը Ադրբեջանի համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն։ Իթթիհատի հաղթությունը համազոր է նորաստեղծ աղետների ու պատահարների, որոնց հարվածների տակ կորչելու է Ադրբեջանի թե անկախությունը և թե նրա սուվերեն գոյությունը։ «Չալմա ծածկած բոլշևիզմը,— ինչպես որակում է Մուստաֆա Չոքաևը,— այդ՝ բոլշևիզմի ու մուսուլմանության (ոչ դասակարգային) համագործակցությունը, բացի աղետից ու կոտորածից, հազիվ թե մի նոր բան կարողանա տալ երկրին։ Այսպես թե այնպես՝ փաստն այն է, որ բեկերից ու աղալարներից կազմված Ադրբեջանյան ղեկավարությունը չի կարող երկիրը կառավարել իր հակահեղափոխական ձևերով և տեղի պետք է տա մի նոր հոսանքի։ Այս րոպեիս, պայքարի եռուն ժամանակ, դժվար է որոշել, թե որ հոսանքը կգերակշռի և կհաղթի, միայն մի բան պարզ է, որ իսկական ազատություն կհաստատվի այն ժամանակ, երբ աշխատավոր ժողովուրդը իր ձեռքը կառնի երկրի ղեկը, և իսկական դեմոկրտիկ կարգեր կհաստատե։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives