Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նպատակադրվել ենք ստեղծել հզոր ազգային պետություն, վերականգնել մեր նախնյաց փառքը, ազդեցություն ունենալ այս աշխարհում, և ոչ թե մի կերպ գոյատևել: Հզոր դառնալու առաջին քայլն անկախ պետության ստեղծումն է, ուստի մեծ նշանակություն էր տրվում շարժմանը, որ ծառայելու էր անկախ պետության ստեղծմանը: Մենք ստեղծեցինք մեր պետությունը. այն դեռ անկախ չէ: Ես համոզված եմ, որ ամենաուշը մեկ-երկու տարվա ընթացքում կկարողանանք անկախ պետություն ունենալ: Բարդությունները չնշեմ, դրանք շատ են: Նախօրոք ես էլ չէի գիտակցում: Հիմա, որպես կառավարության նախագահ, ամենօրյա գործունեության շնորհիվ որոշակի եզրահանգման եմ եկել, թե ինչ հարաբերություններ պետք է ստեղծենք աշխարհի երկրների հետ՝ խզելով նախկին ինչ-ինչ կապեր և հաստատելով նոր կապեր, նոր հարաբերություններ: Սա տևական գործընթաց է: Կառավարության անդամներն այս կամ այն կերպ արդեն ձեռնամուխ են եղել այս աշխատանքին: Եվ մենք, որ այժմ ունենք մեր պետությունը, պետք է կարողանանք բոլոր հարցերին վերաբերվել պետական տեսանկյունից:
Այստեղ հավաքվածների զգալի մասին ես ճանաչում եմ. նկատի ունեմ ձեր քաղաքական և կազմակերպական նախկին գործունեությունը: Շարժմանը մեծապես նպաստել եք դուք և նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով այսօր բացակայում են: Ձեր դերն անժխտելի է, բայց հիմա անհրաժեշտ է ձեր գործունեության մեջ փոփոխություններ մտցնել: Խնդիրը հետևյալն է. մենք պետք է ձգտենք ունենալ մեր սեփական ազգային բանակը, ոչ թե պարտիզանական, ֆիդայական խմբեր, որոնք մեր ժողովրդին կտանեն կործանման: Բանակ ստեղծելու խնդիրն առաջին օրից դրված է, բայց որոշ հանգամանքներ կային, որոնց հետ մենք պիտի հաշվի նստեինք: Նախ՝ չէինք ուզում, որ այն ցուցադրական լինի. հայտարարեինք, որ բանակ ենք ստեղծում, և ոչնչի չհասնելով՝ քաշվեինք մի կողմ՝ մեզ վրա սևեռելով կենտրոնի և Ադրբեջանի ավելորդ ուշադրությունը: Այդ պատճառով գնացինք այլ ճանապարհով, որով վաղ թե ուշ կգնան նաև մյուս հանրապետությունները: Ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծեցինք մի ստորաբաժանում՝ ջոկատ՝ ներգրավելով նրանց, ովքեր, զենքը ձեռքներին, արդեն հավատարմագրվել էին հայրենիքին ծառայելուն: Այսինքն՝ նրանց տրվեց պետական կարգավիճակ: Ես խնդրել եմ Վազգեն Սարգսյանին, Գերագույն խորհդրի պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի անդամներին, որ մի շաբաթվա ընթացքում ներկայացնեն պաշտպանության կոմիտեի կառուցվածքը:
Մենք կստեղծենք պաշտպանության կոմիտե, որի կարգավիճակը դեռ որոշված չէ՝ կլինի պետակա՞ն կոմիտե, թե՞ Նախարարների խորհրդին առընթեր պետական կոմիտե, որտեղ կներգրավվեն ԴՕՍԱԱՖ-ը, քաղաքացիական պաշտպանությունը, զինկոմները, որովհետև մեր Գերագույն խորհուրդն արդեն որոշում է կայացրել հայ զինակոչիկների Հայաստանում ծառայելու մասին: Այս պարտականությունը պիտի դրվի Նախարարների խորհրդի վրա, որն իրականացնելն, ի դեպ, շատ բարդ է: Այս ամենով պիտի զբաղվի կոմիտեն, բայց այն ոչ թե հասարակական կազմակերպություն է, այլ կառավարության մեջ գործող մի օղակ: Ես հետևյալ կերպ եմ պատկերացնում երկրապահ ջոկատների ապագան. մի մասը կվերադառնա տուն, մյուս մասը չի գտնի իր տեղը, իսկ մի զգալի, առողջ մասը կմտնի այդ կոմիտեի ստորաբաժանումների մեջ և մեր ազգին կծառայի արդեն պետականորեն, որն անչափ էական է: Իհարկե, խորհրդարանի վերահսկողությամբ: Հիմա նոր կառուցվածքներ ստեղծելն իմաստ չունի: Պետք է առաջնորդվել այն կառուցվածքներով, որոնք գոյություն ունեն ողջ աշխարհում:
Ինչու՞ եմ ասում, թե ոմանք կվերադառնան տուն, որովհետև շատերը, օրհասական պահին ընտանիքը, աշխատանքը թողնելով, գիտակցաբար հայրենիքն էին պաշտպանում: Եթե նրանք համոզվեն, որ իրենց գործը շարունակողներ կան, ապա, ինչպես ասացի, կվերադառնան: Կլինեն նաև այնպիսիները, որոնք կուզենային ծառայել, բայց թեթև կյանքի են սովոր, այսինքն՝ անձնազոհ են, բայց զինվորական կարգուկանոնի չենթարկվող: Նրանք էլ կվերադառնան:
Ինչո՞վ են զբաղված այժմ ջոկատները. նախ սահմանների պաշտպանությամբ: Ասեմ, որ պետական կառույցները դրանով կզբաղվեն, իհարկե, ձեզ ներգրավելով: Անշուշտ, դա մի քանի օրում չի լինի, բայց այդ ուղղությամբ պետք է շարժվենք: Այնուհետև, կային ջոկատներ, որոնք կառավարությանն օգնում էին այս կամ այն հարցում, օրինակ, ծխախոտի: Դա իմ խնդրանքով արվեց, որովհետև ստեղծվել էր անվերահսկելի իրավիճակ: Նախագահության երեկվա նիստի ժամանակ մի որոշում ընդունեցինք. ստեղծում ենք հանձնաժողով, որն իրավունք ունենա աշխատանքից ազատել ղեկավար անձանց: Մենք չենք ուզում՝ դա լինի ՉԵԿԱ-ի նման: Մի խոսքով, ստեղծվում է մի մարմին, որը պիտի վերահսկողություն սահմանի ամենաստորին օղակներից սկսած մինչև ամենավերինը: Սա, ըստ իս, կարևոր մի քայլ է: Երեկ նախագահության նիստում որոշում ընդունվեց նաև ԲԽՍՍ-ի վերաբերյալ: Մենք այն անվանափոխեցինք այսպես՝ Հանրապետության ունեցվածքի պաշտպանության բաժին: Կկատարվեն նաև կադրային փոփոխություններ: Ուզում ենք, որ բաժինը ծառայի մեր ժողովրդին:
Ներկա իրավիճակում հրամայական է ոչ թե պարտիզանական ջոկատների ստեղծումը, այլ զինյալ միավորումներին պետական կառուցվածքների մեջ ներգրավելը: Շատ է կարևորվում մի հանգամանք. եթե ստեղծվի պաշտպանության կոմիտեն, հնարավորություն կընձեռվի շատերին ներգրավելու այդ աշխատանքներում, որն, ի դեպ, ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված: Ամեն մի պետություն առաջընթաց ապրելիս պիտի առաջնորդվի սրանով՝ ինքը կարո՞ղ է զինվորական ծախսեր հոգալ, թե՞ ոչ: Եթե Հայաստանում ամեն ինչ այսպես մնա, գների բարձրացում չլինի, մեր եկամուտները եկող տարի կկազմեն 2 միլիարդ ռուբլի, ծախսերը՝ 5 միլիարդ: Ռուսաստանում եկամուտները կկազմեն 150 միլիարդ ռուբլի, ծախսերը՝ 300 միլիարդ: 150 միլիարդի վնաս է կրելու Ռուսաստանը: Ասածս պարզ է. ստեղծվելիք ստորաբաժանումներում կլինեն այնպիսիները, որտեղ մարդիկ պիտի ծառայեն կամավոր հիմունքներով՝ առանց աշխատավարձ ստանալու:
Մեր վերջնական անկախություն ստանալու ճանապարհին ամենից առավել կարևորվում է, այսպես կոչված, դրսի ճանապարհների բացումը: Մենք արտասահմանյան, նաև հայազգի բիզնեսմենների հետ պետք է համագործակցենք փոխշահավետ պայմաններով: Այս տեսակետից առավել քան կարևորվում է մի հարց՝ երկրի ներկա իրավիճակը: Խորհրդային Միությունն այժմ ընթանում է դեպի քաղաքական, տնտեսական, ռազմական քաոս, նրա ամենատարբեր հատվածներում ստեղծվում են զինված ջոկատներ: Անշուշտ հասկանալի է՝ այն ճանապարհը, որը մենք արդեն անցել ենք, Միությունը դեռ նոր պիտի անցնի, բայց քանի որ նա հսկայածավալ է և միատարր ազգային բնակչություն չունի, այդ քաոսի մեջ կմնա երկար ժամանակ: Մենք քաոսից դուրս ենք եկել: Հիմա, երբ հանդիպում ենք արտասահմանյան բիզնեսմենների հետ, ձգտում ենք, որ նրանք հանգեն անաչառ եզրակացության՝ Խորհրդային Միությունում քաոսը դեռ օբյեկտիվորեն շարունակվելու է, մինչդեռ Հայաստանն, ընդհակառակը, հետզհետե դառնում է կայունության և խաղաղության կղզի: Միայն այս պայմաններում նրանք միջոցներ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ, միայն այս դեպքում մենք կկարողանանք տնտեսապես զարգանալ, հզորանալ և զարգացած տնտեսության պայմաններում ստանալ անկախություն: Այս իսկ պատճառով Խորհրդային Միությունը չի ուզում, որ Հայաստանը լինի կայուն ու խաղաղ մի երկրամաս, որպեսզի արտասահմանյան ֆիրմաները ֆինանսական ներդրումներ չանեն: Միությունն արհեստականորեն՝ ամենատարբեր ձևերով է ուզում իրավիճակը խառնել մեզ քաջ ծանոթ լրագրային հրապարակումներով: Նպատակը մեկն է՝ հանկարծ Հայաստանը չդառնա արտասահմանյան կապիտալի բազա: Հիմա մեր յուրաքանչյուր քայլը պայմանավորելու է Հայաստանի ճակատագիրը, նրա ապագան: Ամեն մի մարտիկ, ջոկատ և որևէ այլ կազմակերպություն պետք է այս ամենը հստակորեն գիտակցի: Ես համոզված եմ, որ Միությունը երկար ժամանակ ուշքի չի գա, իսկ մենք արագորեն կմտնենք զարգացման ոլորտ: Սա, իհարկե, պայմանավորված է մեր ժողովրդավարական խորհրդարանով, բայց ես առավել կապում եմ մեր ժողովրդի ձեռներեցության հետ: Մնում է լրջորեն խորհել նաև ազգային կարգապահության մասին, որը շատ առումներով կնպաստի մեր ազգի բարգավաճմանը, հզորացմանը:
ՀՀ վարչապետ Վ. Մանուկյանի ելույթը ՀՀ ԳԽ-ում, 1990թ., հոկտեմբերի 21
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.