November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Որովհետեւ պաշտոնաբաժանումը գերադասվեց հայրենիքի ամբողջականությունից

Որովհետեւ պաշտոնաբաժանումը գերադասվեց հայրենիքի ամբողջականությունից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)

Հայաստանի Հանրապետության 12 շրջաններ գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռա-հրետանային ռմբակոծության։ Ավերվում են տասնյակ բնակավայրեր, զոհվում են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ազատամարտիկներ։ Իրավիճակը սրվել է հատկապես վերջին շրջանում։

Հանրապետության սահմանամերձ տարածքները դարձել են ռազմաճակատի առաջին գիծ. փլատակների են վերածվում հայ աշխատավորի տասնամյակների քրտինքով կառուցված տները, հերկերը նորից ներկվում են նրա արյունով։ Եվ այս ամենը ՀՀ ղեկավարության՝ «խաղաղության կոնցեպցիաների» անպտուղ կիրառման եւ դրանց, որպես միակի ու անփոխարինելիի, անընդհատ թմբկահարման պայմաններում։ Արցախում ահագնացող պատերազմին, թուրքի ոտք չտեսած տարածքների կորստին ՀՀ իշխանությունները հետեւողականորեն հակադրում էին Ադրբեջանի կողմից Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու սադրանքներին չենթարկվելու առասպելը, տարածաշրջանում ծագած հակամարտությունը միջազգային դիվանագիտական ատյանների միջամտությամբ կարգավորելու «ճշմարտությունը»։ Քաղաքական ու ռազմական հավկուրությունն այնտեղ հասավ, որ կանոնավոր բանակի ստեղծմանը մշտապես հետամուտ եւ ամեն ինչ ռազմական հունի մեջ դնող Ադրբեջանի դեմ պատերազմող Հայաստանում գրեթե ոչ մի համապատասխան քայլ չձեռնարկվեց, սահմանների պաշտպանությունն ամրապնդելու համար գրեթե ոչինչ չարվեց։

Արցախը որպես պետություն չճանաչելով՝ ՀՀ իշխանությունները այդպես էլ Արցախի պատերազմը համարեցին ուրիշի գործ՝ չմոռանալով, իհարկե, տարփողել Հայաստանի սահմանների հուսալի պաշտպանվածության պատրանքը։

Այսօր, Արծվաշենի անկումով, այդ պատրանքը լիովին ցրված է։ Իշխանությունների հավաստիացումները, ՀՀ պաշտպանության նախարարի հաղթական կեցվածքները լրիվ կեղծ դուրս եկան։ Հիմա էլ սեփական անկարողությունը (ինչպիսի՜ համառություն) փորձում են քողարկել այս ու այն կողմ հղվող նոտաներով, դիմումներով, փոխադարձ պայմանավորվածությունների մասին հիշեցումներով։ Ո՞վ պիտի մեզ օգնի, եթե ահագնացող ռմբակոծության տակ նստած ու բերաններս բաց՝ երկնքին ենք նայում։ Մինչեւ այսօր Հայաստանում կանոնավոր բանակ չի ստեղծված, մինչեւ այսօր սահմանների կազմակերպված պաշտպանություն գոյություն չունի, սահմանապահ ինքնապաշտպանական ջոկատները ապահովված չեն տարրական պիտույքներով։ Նորակոչիկ հրետանավորներին պատրաստելու համար սահմանամերձ գոտիներից մեկը գործուղված պահեստի գնդապետի եւ երկու փոխգնդապետների վկայությամբ, ջոկատներից մեկը ամբողջ օր ու գիշեր գտնվել է հենակետում՝ ունենալով մեկ հրանոթ եւ ոչ մի ինքնաձիգ, սա թշնամուց 2 կիլոմետր հեռավորության վրա։ Չեն ունեցել նաեւ տաք հագուստ, քնել են իրենց շորերով։ Այս երեւույթն ընդհանուր է գրեթե բոլոր գոտիների համար։ 7-րդ բանակի զենքն ու զինամթերքը, տեխնիկան մեծ ուշացումով են միայն անցնում հայկական ուժերի տնօրինության տակ եւ հաճախ հենց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից հանձնման–ընդունման գործընթացի տեխնիկական ձգձգումների պատճառով։ Պրոֆեսիոնալիզմի գերպակասություն է եւ գերանպատասխանատվություն:

Ո՞վ է պատասխան տալու  կործանված Արծվաշենի, փախստական ու թափառական դարձած մեր հայրենակիցների համար։ Ե՞րբ են սահմանների հուսալի պաշտպանվածության մասին ճամարտակությունները փոխարինվելու իրական գործերով։

Հայաստանի Հանրապետության տարածքը իշխանությունների բոստանը չէ, որ տնօրինվի մի խումբ անկարող մարդկանց կողմից։ Սա ժողովրդի հայրենիքն է, որ եթե չես կարողանում պաշտպանել, պիտի հեռանաս, որպեսզի հեռացված չլինես։

Իշխանությունները որդեգրել են ողբերգականորեն զավեշտական մի քաղաքականություն, տարածք տարածքի հետեւից հանձնելով՝ նստել ու քննարկել պատճառները, թույլ տրված սխալները եւ «դասեր» քաղել։

Նույնպիսի «դասեր» քաղեցին եւ սխալներ վերլուծեցին Շահումյանը հանձնելուց հետո։ Այն ժամանակ հայտարարվեց, որ թուրքերի զինուժի այդօրինակ կուտակումն ու հզոր հարձակումը անակնկալ էին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է ասվել Արծվաշենը հանձնելուց հետո։ Թե ինչ է ասվել դրանից մեկ օր առաջ, գիտենք. պաշտպանության նախարարն ասաց, որ հանձնելու մասին խոսք լինել չի կարող… Ինչ վերաբերում է սխալներին, ասենք, որ դրանք չեն եղել ու չէին էլ կարող լինել, որովհետեւ ոչինչ չի արվել։ Սխալը ուրիշ տեղ է, ամենասկզբում, թշնամուն հայրենիք հանձնող իշխանություններին վստահելու մեջ։ Ասենք նաեւ, որ Հայաստանը ուսումնական փորձասենյակ չէ, ուր ղեկավարները, դասեր քաղելով, լրացնեն իրենց կրթությունը։

Այն տպավորությանն է (Արծվաշենի անկումից հետո համոզմունք դարձած), որ ցանկացած մարդ, մեզանից յուրաքանչյուրը կարող է աշխատել պաշտպանության նախարարության ղեկավարությունում։ Որովհետեւ այսպիսի քաղաքականության պայմաններում ոչինչ հասկանալ (մանավանդ ռազմական գործ) ու անել պետք չէ, պետք է միայն համազգեստ հագնել, ձայնին խրոխտ երանգ տալ, ահաբեկել հայրենակիցներից մի քանիսին ու հանձնած տարածքների մասին հաշվետվության տալ հերթական կամ արտահերթ նիստերում։

Նվնվոցների ժամանակը վաղուց անցել է, բայց հիմա էլ մեզանում, մանավանդ պետական լրատվության միջոցներով, չի դադարում ոչ թե ռուսին ու իտալացուն, այլ մեզ հասցեագրվող լացուկոծը, թե թշնամին իր սահմանամերձ բոլոր գյուղերը վերածել է ռազմական բազաների եւ անընդհատ ռմբակոծում է մեր տարածքը, լա՛վ է անում (մեղա՜, Տեր), բայց ինչո՞ւ մենք կրկնապատիկը չպիտի անեինք, ինչո՞ւ պիտի մեր շեների վրա գցվող մեկ հրթիռի դիմաց հողին չհավասարեցվեր հակադիր թրքահոտ որջը։ Ո՞վ պիտի կազմակերպեր այս գործը ու ինչո՞ւ չի արել։ Այստեղ է, որ ավարտվում է բանականության սահմանը։

Համբերության բաժակը վաղուց լցվել, բայց չհայտնագործված ինչ-որ օրենքով դեռ չի թափվում։ Իշխանություններին զգաստացնելու փորձերն այլեւս անիմաստ են եւ անօգուտ. Շահումյանից ու Մարտակերտից հետո դեռ հույս կար, Արծվաշենից հետո չկա։

Սոցիալական ամեն մի այլանդակություն, գրեթե բոլոր բնագավառներում տիրող անտերությունը ժողովուրդը տանում է միայն ի սեր Հայրենիքի, ի շահ Հայրենիքի ապահովության։ Արծվաշենից հետո ակնհայտ է մի բան. պետությունն այսօր ոչ միայն չի կարողանում. այլեւ չի էլ ցանկանում պաշտպանել երկիրը։

Պաշտոնաբաժանումն ու գռփողությունը, ժողովրդի՝ նմանը չունեցող կողոպուտը մի այնպիսի անակնկալ քաղցրություն ունեին, որ գերադասեցին նաեւ ժողովրդի շահերից, հայրենիքի ամբողջականությունից։ Իշխանություն գրավելու համար օգտագործված ու դեն շպրտված «սկզբունքներին»» աստիճանաբար փոխարինելու է գալիս պետական անկարողությունից ծնված մի հսկայական ու իրական ողբերգություն, որ մեր հապաղելու դեպքում կուլ է տալու բոլորիս։

Ավիկ Մարության

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives