«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)
Շուշիում իր դռներն է բացել առաջին ուսումնական հաստատությունը՝ Արամ Մանուկյանի անվան ազգային վարժարանը: Վարժարանը հիմնադրել ու ֆինանսավորում են ՀՅԴ ուսանողական երիտասարդական միությունները: Հոկտեմբերի 5-ի դրությամբ այստեղ 4-8-րդ դասարաններում սովորում են 42 աշակերտները:
Ազգային վարժարանում դասավանդում են հիմնականում տեղացի ուսուցիչներ:
Վարժարանի սաներին խտացված կերպով ուսուցանվելու են հայոց լեզու, ներառյալ գրաբար և արևմտահայերենը, ազգային պատմություն և աշխարհագրություն, Հայ առաքելական եկեղեցու պատմություն և կանոններ, օտար լեզուներ ու բնականաբար՝ ընդհանուր առարկաներ:
Պատմելով վարժարանի մասին, նրա պատասխանատու Կ. Ավետիսյանը ասել է, որ վարժարանը կոչված է Շուշիի երեխաներին ազգային դաստիարակություն և կրթություն տալ, վերականգնելու ազգային-մշակութային արժեքները: Կ. Ավետիսյանը, որպես հիմնական դժվարություն, նշել է ժամանակակից նյութատեխնիկական բազայի բացակայությունը, որը շատ է դժվարացնում առարկաների անհրաժեշտ ձևով դասավանդմանը: Նա հույս է հայտնել, որ վարժարանի հոգաբարձուների խորհուրդը, որը կստեղծվի մոտ ապագայում,
կկարողանա կարգավորել բոլոր հարցերը:
ԼՂՀ լուսավորության, ժողկրթության և սպորտի նախարար Ն. Մովսիսյանը իր հերթին վարժարանի բացումը բնութագրել է որպես պատմական նշանակության քայլ և խոստացել նախարարության սուղ հնարավորություններից օգնել ազգային վարժարանին: