Նուխու և Արեշի հայրենակցական միության վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը միության մեկ տարվա 6/IV-1919 – 4/IV-1920թթ. գործունեության մասին
4 ապրիլի 1920 Թիֆլիս
Բաղկացած երեք անդամներից՝ Մ.Լալայանից, Ռ.Ավանյանից և Ա.Ստեփանյանից վերստուգիչ հանձնաժողովը իր մի շարք նիստերում ստուգելով Նուխու-Արեշի Հայրենակցական միության վարչության 1919 թվի ապրիլի 6-ից մինչև 1920 թվի ապրիլի 4-ը հաշիվներն ու գործերը, գտավ որ
- Միության բոլոր հաշիվներն ու դոկումենտները ճիշտ են և իր ժամանակին մուծված հաշվեմատյանը ի բացառյալ այն, որ հաշվապահական հմտության բացակայության պատճառով անխուսափելիորեն տեղի են ունեցել մի քանի ձևական բնույթ կրող սխալանքներ, ըստ որում այդ ժամանակամիջոցում եղել են մուտք իննսունյոթ հազար ութ հարյուր վաթսունհինգ ռուբլի 74կ. (97865ռ.74կ.), ելք իննսուն և վեց հազար հարյուր ութսուն և վեց ռուբլի 05կոպ. (96186ռ.05կ.), մնացորդ՝ մի հազար վեցհարյուրյոթանասուն և ինը ռուբլի 69 կոպ. (1679ռ. 69 կ.):
- Վարչությունը, ինչպես պարզ երևում է արձանագրություններից, հակառակ Հայրենակցական միության մասին տիրող կարծիքի, հսկայական աշխատանք է կատարել հօգուտ հայրենակիցների: Այդ գործունեությունը ամփոփ կերպով կարելի է արտահայտել հետևյալ կերպ, ա) վարչությունը ի նկատի ունենալով, որ հայրենակիցների փրկության միակ ելքն է նրանց արտագաղթը դեպի Հայաստան, մի շարք նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո, անմիջապես դիմել է Հայոց կառավարությանը իրագործել արտագաղթը, որը և ընդունել է ու կիրառում է այն մինչև այժմ:
Ծանոթություն. Արտագաղթի ձգձգման պատճառները եղել են անկախ վարչությունից, որը միշտ իր ժամանակին, հաճախ խիստ տոնով բողոքել է այդ հանգամանքների դեմ բողոքագրերով, հեռագիրներով և հատուկ պատգամավորության միջոցով:
բ) Վարչության ժամանակին հարկ եղած դիմումների շնորհիվ, ուղղված անգլիական հրամանատարության Գերագույն կոմիսար Հասկելին, Հայոց կառավարությանը, Ամերիկական կոմիտեին և այլն, իր ժամանակին կանխվել են վերահաս կոտորածները մեր գավառներում տաճիկների գնալուց հետո, վարչության շնորհիվ, նույնպես Վրաստանում ապաստանած հայրենակիցները չեն ենթարկվել հալածանքների և բռնի արտաքսման, որը կարող էր ողբերգական հետևանք ունենալ:
գ) Վարչությունը կարողացել է համերաշխությամբ Միության նախկին վարչության գործերի և հաշիվների քննությանը հաջող ընթացք տալ, որի հետևանքով ի դիմաց հին հաշիվների ստացված են մի քանի գումարներ (7334 ռուբլի 34 կոպ.):
դ) Վարչությունը կատարել է դիվանագիտական խոշոր աշխատանք, իր ժամանակին գրություներ ուղարկելով, ուր հարկն է, արձանագրություններ կազմելով, վկայագրեր տալով հայրենակիցներին, նրանց վնասների հազարավոր ցուցակները կանոնավորելով և այլն:
ե) Վարչության եռանդուն ջանքերով և միջնորդությամբ գաղթականներին պարեն են մատուցել Հայաստանի Խնամատարության մինիստրության ներկայացուցչությունը Վրաստանում, Ամերիկական կոմիտեն Նուխում և Վարդաշենում, Հայոց կառավարությունը՝ Հայաստանում: Բացի այդ, նույնպես Վարչության միջնորդությամբ Ամերիկական կոմիտեի կողմից մի քանի հարյուր հազար արժողությամբ հագուստեղեն է բաշխվել գաղթականներին:
զ) Վարչության այդ բեղմնավոր գործունեությունը ավելի գնահատելի է և այն պատճառով, որ նա միշտ դրամական մեծ կարիքի մեջ է գործել:
- Վերստուգիչ հանձնաժողովը եզրաւիակելով իր զեկուցումը գտնում է վարչության գործունեությունը միանգամայն բավարար և անստվերային, ուստի առաջարկում է ընդհանուր ժողովին հաստատել վարչության հաշվետվությունը:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ
ՀՀ ՊԱ, ֆ. 205, ց. 1, գ. 599, թթ. 26-27: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003