March 28, 2024

Նոր լայնածավալ հարձակում Ասկերանի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 23 հունիսի 1992թ.

Ասկերանի վրա առաջին լայնածավալ գործողությունից մեկ շաբաթ անց, ադրբեջանական բանակը հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը երկրորդ լայնածավալ հարձակումն է ձեռնարկել այդ ուղղությամբ։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ետ մղել թշնամու գրոհը, որին մասնակցում էին մեծ թվով զրահամեքենաներ, հրասայլեր, հետեւակ։ Թշնամին կրել է կենդանի ուժի զգալի կորուստներ։ Հայ ազատամարտիկներից երեքը զոհվել են վեցը՝ վիրավորվել։ Դիրքային մարտերը այս գոտում շարունակվում են։

Մեկ ազատամարտիկ զոհվել և 12-ը՝ վիրավորվել է վերջին երկու օրվա ընթացքում Մարտունու շրջանի սահմանային դիրքերում ունեցած պատերազմական գործողություննհրի ընթացքում։

Հունիսի 20-ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության եւ փոխհրետակոծության ժամանակ, Հացի գյուղի պաշտպանական ամրություններից մեկում վիրավորվել է երեք հայ։ Նշենք, որ Աղդամի շրջանի Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերի տարածքից հեռահար հրետակոծության են ենթարկվում Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի հայկական բնակավայրերը։ Տասնյակ բնակելի տներ եւ այլ շինություններ վնասվել կամ ավերվել են թշնամու արձակած արկերից։

Երեկ առավոտյան Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մոտ տեղաղրված «Գրադ» կայանքից հրթիռակոծության է ենթարկվել գյուղը։ Գյուղի վրա արձակվել են 60-ից ավելի հրթիռներ եւ արկեր։ Հրթիռակոծության հետեւանքով զոհվել են 4 եւ վիրավորվել 3 բնակիչներ։ Նշենք, որ զոհվածներից երեքը կանայք են։

Հունիսի 21-ին, մոտավորապես ժամը 14-ին, մարտական գործողություններ են ընթացել Մարտունի քաղաքի ինքնապաշտպանության ուժերի եւ Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղում տեղակայված զինյալների միջեւ: Թշնամին ռմբակոծել է հայերի պաշտպանության բարձունքներից մեկը, որտեղ վիրավորվել են երեք ազատամարտիկներ։

Նույն օրը հակառակորդը գնդակոծության է ենթարկել նաեւ Ալիբալի տեղամասի պաշտպանական դիրքերը, որտեղ վիրավորվել է մեկ հայ։ Ադրբեջանական կողմի կորուստների մասին ստույգ տեղեկություններ չկան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives