November 27, 2024

Նոր իրավունքներ է խոստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)

Վերջին օրերին Ադրբեջանի զանգվածային լրատվական միջոցներով թմբկահարվում էին նախագահ Էլչիբեյի «նոր նախաձեռնությունները»՝ տնտեսական բարելավումներ, Ղարաբաղի դեմ պատերազմում շուտափույթ հաղթանակ, հանրապետությունում քաղաքական կյանքի կայունացում, դեմոկրատիայի լայն ծավալում, մարդու իրավունքների խստիվ պահպանում և այլն, և այլն:

Եվ ահա, նոյեմբերի 28-ին արդեն «Վեստին» շարունակեց Ա. Էլչիբեյի «նախաձեռնությունների» քարոզչությունը՝ հանրությանը հաղորդելով, որ Ադրբեջանի նոր տնօրենը հաստատ «հարյուր տոկոս վստահությամբ» խոստանում է հանրապետությունում ապրող անխտիր բոլոր ազգային փոքրամասնություններին տալ նոր իրավունքներ՝ ոչ միայն մշակութային, այլև տնտեսական, հասարակական բնագավառում:

Ինչո՞ւ են այս օրերին այսքան շատ թմբկահարում այդ նախաձեռնությունը. բանն այն է, որ Ադրբեջանից հեռանում են գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները. ճշտված թվերով, վերջին երկու տարում «եղբայրական Ադրբեջանից» կամ բռնահանվել, կամ էլ դուրս են եկել 300 հազարից ավել հայ, 80 հազարի չափ ռուս, 20 հազարի չափ հրեա… Եթե ավելի պարզ ասենք՝ «ինտերնացիոնալ Ադրբեջանից» ուժեղ թափով շարունակվում է «ուղեղների» արտահոսքը: Ահա գաղտնիքը:

Ա. Էլչիբեյը և նրա շրջապատը մտահոգված են միմիայն այդ արտահոսքը կանգնեցնելով: Պատմությունը, սակայն, ամենամեծ ուժն ունի, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այդ արտահոսքը, որովհետև Ադրբեջանի տերերի խոստումների ուժը քանի՜ քանի՜ անգամ մարդիկ զգացել են իրենց մաշկի վրա: Ու հիմա էլ համոզված են՝ Ա. Էլչիբեյի «խոստումները» օճառի պղպջակներ են… Փակվել են Բաքվում գործող բոլոր ազգային փոքրամասնությունների և՛ դպրոցները, և՛ թատրոնները, և ակումբներն ու մշակույթի տները…

Լավատեղյակ շրջանակները հայտնում են, որ այս օրերին Բաքվում մնացել է մեկ-երկու ռուսական դպրոց, որոնց մի բաժինն էլ արդեն ադրբեջանական է: Բոլորովին չքացել են կամ հատուկ առաջադրանքով են հրատարակվում մեկ-երկու ռուսալեզու պարբերական:

Ա. Էլչիբեյը շատ լավ գիտի, որ առանց ազգային փոքրամասնությունների դժվար է Ադրբեջանում գործի գցել ոչ միայն գիտահետազոտական հաստատությունները, այլև արդյունաբերական օբյեկտները:

Պատահական չէ, որ վերջին մեկ-երկու տարում շատ գործարարներ, որոնք գիտական թեքում ունեն, կանգ են առել՝ համապատասխան մասնագետներ չունենալու պատճառով…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives