«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
«ԱՄՆ-ի նախագահ Բուշի հասցեին ուղղված Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությունները ես համարում եմ սխալ»,- Ա.Մ.-ի թղթակցին հայտնեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահան Փափազյանը: Նա ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ տեսակները որևէ առնչություն չունեն Հայաստանի պաշտոնական քաղաքականության հետ:
Ր. Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին «Ռոյթրի» թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ քննադատել էր ԱՄՆ-ի նախագահ Բուշի վարչամեքենայի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Նա նշել էր, որ Միացյալ Նահանգները հատուկ սկզբունքներ էր ճշտել նախկին Խորհրդային միության հանրապետությունների հետ իր հարաբերությունները, ինչպես ժողովրդավարության զորակցում, սահմանների հարգում և վեճերի խաղաղ լուծում: Ադրբեջանի պարագայում Ամերիկան անտեսել է այդ սկզբունքները: «Իմ բնութագրումով՝ Բուշի վարչամեքենայի քաղաքականությունը, միայն արհեստականորեն է չեզոք»,- հայտնել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ նախագահի մամլո ծառայության փոխպատասխանատու Ա. Աբրահամյանը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Միացյալ նահանգներում ունեցած ելույթին, Ա.Մ.-ի թղթակցին հայտնեց, որ «արտգործնախարարի արտահայտությունները ընդհանրապես արվում են իր և իր գերատեսչության անունից»: Նա նկատել տվեց, որ «կարող են լինել դեպքեր, երբ արտաքին քաղաքականության այս կամ այն խնդրի շուրջ արտգործնախարարը, իր տեսակետն ունի, իսկ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր»: