November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • «Նաիրիտը» գոյատևման լծակ

«Նաիրիտը» գոյատևման լծակ

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

-Ղարաբաղյան շարժման հաշվարկները, որ Հայաստանում սկսված ժողովրդավարական  ընդվզման ալիքից Մոսկվան կվախենա և Ղարաբաղի հարցում հայանպաստ զիջումներ կանի, իրականում սխալ դուրս եկան: Այսինքն` Մոսկվայի վրա ինչ-որ լծակով ազդելու գաղափարը տանուլ տվեց: Այսօրվա իշխանությունն էլ լծակներ ունի, որով փորձում է ազդել Մոսկվայի վրա` անկախության հարցում: Արդյոք «Նաիրի՞տն» էլ այդ լծակներից մեկը չի դառնում, և բացառվու՞մ է այս անգամ էլ տանուլ տալը:

-Նախ` շարժման մասին: Մենք հասկանում էինք, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ մյուս հանրապետություններում հուզումների շղթայական ռեակցիա կառաջացներ, և որ Կենտրոնը դրանից խուսափում էր: Նա մեր շարժումը խափանելու երկու միջոց ուներ. ճնշման միջոցը, որը նոր քաղաքականության պայմաններում ձեռնտու չէր, երկրորդը մեր պահանջները բավարարելու միջոցն էր: Բայց սա էլ վտանգավոր էր, քանի որ մյուս հանրապետություններում էլ ոտքի ելնելու ազդանշան կարող էր դառնալ:

Ճիշտ է այս շարժումը Ղարաբաղի հարցում չարդարացրեց  մեր սպասելիքները, բայց Կենտրոնի սպասելիքները նույնպես չարդարացան…

Ինչ վերաբերում է լծակներին, մեզ համար «Նաիրիտը» երբեք Կենտրոնի վրա ազդելու լծակ չի եղել: Թերևս լծակ բառն օգտագործել եմ ելույթներիցս մեկի ժամանակ, բայց հստակ կերպով բացատրել եմ, որ նա լծակ է միմիայն տնտեսության մեջ:

Մենք հիմա երկու գերխնդիր ունենք, նախ` դիմանալ, գոյատևել որպես ազգ և ստեղծել զարգացած տնտեսություն: Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ նույնիսկ գոյատևելն է դժվար, գոյատևելու համար լծակներ են պետք: «Նաիրիտը» կարող է նման լծակ լինել: Մեր տնտեսապես քայքայված հանրապետությունն այնպիսի փակ, տեխնոլոգիապես հզոր գործարան ունի, որով կարող է դրամ վաստակել, որից և կսկսի իր տնտեսության հետագա զարգացումը: Ունենք և հրաժարվում ենք մեր ունեցածն օգտագործելուց:

Էկոլոգների վախը, ինձ թվում է, մի փոքր չափազանցված է…

Ի վերջո, էկոլոգիական շարժումն աշխարհում քաղաքակիրթ շարժում է դարձել: Ի՞նչ է նշանակում սա: Մասնագետները որոշում են այս կամ այն օբյեկտի վտանգավորության աստիճանը, բարձրագույն մարմինն ընդունում է որոշումներ` ինչն է ինքը վտանգավոր համարում, ինչը ոչ: Հետո արդեն արդյունաբերողները և կառավարությունը կարող են հիմնել ցանկացած ձեռնարկություն` նշված նորմերին համապատասխան: Մեր ժողովուրդն էլ պիտի սովորի էկոլոգիական շարժումն այդ ձևով ընդունելը:

Պետք է որոշել վտանգավորության ցուցանիշը, հետո նոր խոսել առանձին գործարանների մասին: Եթե ցուցանիշները բավարարում են,  «Նաիրիտը» պետք է գործի, չեն բավարարում` չպետք է գործի: «Նաիրիտն», այո, երկրի ապագա տնտեսությունը կառուցելու հզոր լծակ է: Բացի այդ, կուզեի, որ մեր ժողովուրդը վերջապես հասկանար մի բան. էկոլոգիական շարժումը քաոսային, միտինգային, քաղաքական պայքար չէ: Էկոլոգիան մարդկությանն ամենահուզող խնդիրներից է և պետք է քաղաքակիրթ լինի, ինչպես ամբողջ աշխարհում է. մասնագետ-գիտնական-Գերագույն խորհուրդ, և ոչ թե` փողոցներ, դրոշներ, մեգաֆոններ: Ճիշտ է, դրանից է սկսվել էկոլոգիական շարժումը, եթե չլինեին այդ հասարակական շարժումները, հիմա աշխարհում այսքան մեծ ուշադրություն ու միջոցներ չէին հատկացվի էկոլոգիական խնդիրների լուծմանը: Բայց որպես հասարակական շարժում այն արդեն իրեն սպառել է: Ես ուզում եմ, որ մենք օգտվենք համաշխարհային էկոլոգիական շարժման պտուղներից: Ճիշտ է, թերևս Արևմուտքում էկոլոգիական շարժման պրակտիկան դեռևս չի ավարտվել, բայց այն բարձրակետը, որին այդ շարժումը հասել էր 60-ականների վերջին և 70-ականներին, այժմ չկա: Կարևորն այն է, որ հասարակության, գիտնականների ուշադրությունը սևեռվեց մի հարցի վրա, որից կախված է մարդկության ճակատագիրը:

Մեզ մոտ հիմա միտինգներ անել` նշանակում է զանազան մարդկանց առիթ տալ իրենց հաշիվների համար թևները քշտելու…

«Գարուն», 1991,  փետրվար
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives