Արև, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 253
Մուղանից եկած ռուսներ սոսկալի լուրեր են հաղորդում այնտեղի վերջին անց ու դարձից: Սահմանաբնակ շահսևանների ահագին հրոսակներ ներս են խուժել Մուղանի դաշտը և կողոպուտի ու հրի ու սրի են ենթարկում ռուսաց գաղթավայրերը: Թշվառ ռուս գաղթականների պատգամավորները ամեն կողմ դիմել են թե հեռագրով, թե անձամբ, բայց շուտափույթ օգնություն չեն կարողացել ստանալ ոչ Թիֆլիսից, ոչ Բաքվից, թեպետ շահսևանների արշավանքը, եթե շուտով խափանարար միջոցներ ձեռք չառնեն, կարող է վտանգել Անդրկովկասյան երկաթուղագիծը, կտրելով Բաքուն և Հյուսիսային Կովկասը արևմտյան Անդրկովկասից ու Կովկասյան ռազմաճակատից և ավերել Բաքուն իր համապետական նշանակություն ունեցող նավթահանքերով:
Մենք երազեցինք ընկերային աննախընթաց հեղափոխություն առաջացնել և ստացանք քաղաքացիական պատերազմ ու համապետական ալան-թալան։ Ձգտեցինք քաղաքական ու քաղաքացիական ազատությունների նոր հորիզոններ բանալ, և մեզ տվին անպատվություն, բանտ ու եղբայրասպանություն, համոզումների հալածանք, մամուլի ստրկություն ցարական գրաքննության բոլոր հրապույրներով։ Հաշտություն բաղձացինք, և մեզ խոստանում են վերջնական պարտություն բոլոր ճակատներում։ Ուկրաինան պատերազմի դաշտ է դարձել, Դոնը արյունով է ներկված։ Աբօից մինչև Մուղանի դաշտ և Օդեսայից մինչև Վլադիվոստոկ ավազակների սանձարձակ շահատակությանց թատերաբեմ է դարձել։ Սովն ու անարխիան գլուխ են բարձրացրել, և հոգնած, հուսաբեկ ու գազազած մարդը հետզհետե կորցնում է իր մարդկային կերպարանքը…