«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.
«Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա տարածքային նվաճումները, եթե դրանք տեղի ունենան, կգնահատվեն որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում և կարժանանան միջազգային ընկերակցության ամենախիստ դատապարտմանը»,— երեքշաբթի օրը բրիֆինգում հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքերով Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգված է այդ հակամարտության շարունակվող ծավալումից և հրադադարի համաձայնություններից կողմերի հրաժարումից: «Դա տեղի է ունենում այն պահին, երբ Հռոմում անցկացվում են ԵԱՀԽ Մինսկի խմբի 9 երկրների խորհրդակցություններ, որոնցում քննարկվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 և 853 բանաձևերի ու դրանց հավելվածների կատարման անհետաձգելի միջոցառումների գրաֆիկ համաձայնեցման կոնկրետ առաջարկությունները»,— ասաց դիվանագետը:
«Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարության որոշակի մասը դրսևորում է մտածողության իներցիա, հրաժարվում է ընդունել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման նկատմամբ ուժային մոտեցումների անհեռանկարությունը: Դա կարող է շրջանում ստեղծել պայթյունավտանգ իրադրություն»,— ընդգծեց Կարասինը:
Նրա խոսքերով, Ռուսաստանի ԱԳՆ հակամարտ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, շարունակել բանակցությունները ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում և վերսկսել Բաքվի ու Ստեփանակերտի անմիջական կապերը ճգնաժամի կարգավորման նպատակով: