«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)
Ապրիլի 6-ին, Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած մամլո ասուլիսում ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության գերատեսչության տնօրեն Ս. Յաստրժեմբսկին, պատասխանելով Ղարաբաղի խնդրին Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին, ասել է, թե Ռուսաստանը ուշադրությամբ է վերաբերվում Անկարայի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ամենից առաջ նպատակամղված են մարտական ցործողությունների շրջանում կրակի շուտափույթ դադարեցմանը։ Այնուհետեւ նա ավելացրել է. «Ավելին, մենք ոչ միայն ուշադրությամբ ենք վերաբերվում այդ հարցի շուրջ Անկարայից ստացվող ազդանշաններին, այլեւ մշտական դիվանագիտական երկխոսության ենք վարում Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւ չենք բացառում, որ երկու մայրաքաղաքները ղարաբաղյան խնդրի շուրջ կարող են հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ»:
Այն հարցին, թե Վանկուվերում ինչ ենթատեքստում է արծարծվել ղարաբաղյան հարցը. Յաստրժեմբսկին պատասխանել է, որ կողմերը փորձել են համաձայնեցնել իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է շուտափույթ կերպով մարտական գործողությունները դադարեցնել։
Մամուլի ասուլիսի ավարտից հետո Յաստրժեմբսկին պատասխանել է «Հայլուրի» թղթակցի հարցերին։
– ԼՂՀ-ի հարցում որքանո՞վ են համընկնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները։
– Կողմերը համակարծիք են, որ պետք է ճնշում գործադրեն, ամեն ինչ անեն մարտական գործողությունները դադարեցնելու համար։
– Ո՞ւմ վրա պետք է ճնշում գործադրվի։
– Հակամարտող բոլոր կողմերի վրա։
– Այդ դեպքում ի՞նչ մեխանիզմներ են գործադրվելու։
– Քաղաքական, դիվանագիտական։ Դա համընդհանուր ընդունելություն գտած համաշխարհային պրակտիկա է։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել, համոզել։
– Կոզիրեւի եւ Քրիստոֆերի միջեւ քննարկումներին կհետեւե՞ն արդյոք քայլեր։
– Ոչ, որոշակի քայլեր չեն հետեւի. դա պարզապես խոսակցության է դիրքորոշումները պարզելու նպատակով: