November 27, 2024

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի, 1993թ., 143(747), չորեքշաբթի

Շարունակվում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության շրջանակներում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հուլիսի 22-ին Հռոմում կկայանա ԵԱՀԽ Մինսկի խմբի նախաձեռնության հեղինակ ինը երկրների հերթական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները կլսեն սենատոր Մարիո Ռաֆայելիի ելույթը տարածաշրջան կատարած իր այցելության մասին, կծանոթանան այն հստակեցումներին և դիրքորոշումներին, որոնք ձևավորվել են հակամարտ կողմերի հետ անմիջական հանդիպումների արդյունքում, կքննարկեն ժամանակացույցի կիրառմանը վերաբերող հարցեր, կտան հակամարտության շրջանում տիրող կացության գնահատականը:

Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար և հասարակայնության հետ կապերի գծով նախարարի խորհրդական Արամ Սաֆարյանը: Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ Ռաֆայելին կգնահատի տարածաշրջանի իրադրությունն ամբողջությամբ և մեզ կվստահեցնի, որ կարելի է սկսել խաղաղության հաստատման գործընթացը:

Արամ Սաֆարյանը կարևորեց ՀՀ բարձրաստիճան պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցը, նկատի ունենալով այն, որ տարածաշրջանում իրավիճակների արագ փոփոխման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում անցկացնել քաղաքական խորհրդակցություններ, ստեղծված նոր պարագաներում ճշգրտել փոխադարձ մոտեցումները:

Անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայում հրավիրված տնտեսական համագործակցության հերթական նիստի արցախյան հակամարտության առնչությամբ ընդունած բանաձևին, ՀՀ արտգործնախարարի խորհրդականը իր զարմանքն արտահայտեց այդ կապակցությամբ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հիշյալ փաստաթղթում դատապարտվել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիան, և, իբր, պահանջվել է հայկական զորքերի դուրսբերումը զավթված տարածքներից, խոսվում է ԵԱՀԽ-ի նախաձեռնության նկատմամբ Հայաստանի մերժողական դիրքորոշման, ՄԱԿ-ի 822 բանաձևը խախտելու մասին:

Ասենք, որ զարմանալու առիթ իրոք կա. նախ այս կազմակերպությունը երբեք էլ այն մարմինը չէ, որն իրավասու է խնդրո առարկա դարձնել տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցեր, իսկ այդ երկրներին ՀՀ ԱԳՆ կատարած հարցումներին դեռևս կամ պատասխան չի եղել կամ հնչել են խուսափողական հայտարարություններ, իբր այդ մասին որևէ տեղեկություն չունեն: Ստույգ է միայն, որ ՏՀ-ի անդամ-երկրներից ոչ մեկը չի ստորագրել այդ բանաձևի տակ:

Նման մի կոմյունիկե է ընդունվել նաև իսլամական երկրների արտգործնախարարների Կարաչիի համաժողովում: Արամ Սաֆարյանի կարծիքով այս կարգի «բամբասական» փաստաթղթեր ընդունելու փոխարեն ավելի լավ կլինի գործնականում սկսել խաղաղության գործընթացը տարածաշրջանում:

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ՀՀ արտգործնախարարությունը շարունակում է հետապնդել իր բողոքարկումը՝ կապված հայկական ֆուտբոլային ակումբի թիմերին ՈՒԵՖԱ-ի շրջանակներում անցկացվող ընթացիկ տարվա մրցաշարերին չմասնակցելու վերաբերյալ այս կազմակերպության համաժողովի ընդունած որոշման հետ: ՈՒԵՖԱ-ի Ժնևի կենտրոնական մարմինը այդ որոշումը պատճառաբանել է անհրաժեշտ կապի բացակայությամբ և մարզիկների ոչ բավարար անվտանգությամբ: Նախ, ՈՒԵՖԱ-ն ոչ թե քաղաքական, այլ մարզական կազմակերպություն է, և նրա որոշումները պետք է բխեին իր իսկ գործող կանոնադրությունից: Վերջինս ենթադրում է, որ նման ծայրահեղ որոշում կայացնելուց առաջ տարածաշրջան պետք է այցելեր կազմակերպության ներկայացուցիչը՝ անձամբ ծանոթանալու իրական կացությանը: Այդ բանը չի արվել: Ավելին, հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած բոլոր պահանջվող տեխնիկական փաստաթղթերը ժամանակին արժանացել են բավարար գնահատականի:

Ինչևէ, ՀՀ ԱԳՆ-ն, որքան էլ որ հարցը քաղաքական չէ, այնուհանդերձ շատ ուշադիր զբաղվում է այս խնդրով և պետք է հետամուտ լինի գործադիր վարչության որոշման փոփոխությանը:

Լրագրողներին տեղեկացվեց նաև, որ պաշտոնական այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը հուլիսի 21-ին մեկնելու է Գերմանիա, ուր կհանդիպի այս երկրի արտաքին գործերի նախարար Կինկելի հետ:

Հրայր Զորյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives