November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Մեր ժողովրդի ազատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է

Մեր ժողովրդի ազատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Ղարաբաղի բանակը: Գրավված էր Քելբաջարը, հետ էր վերցված Մարդակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը: Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և տեղի ունեցավ առաջին ռազմական շքերթը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը ռազմական շքերթն ընդունելիս:

Մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր,

հարգելի հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ

75 տարի առաջ՝ հարյուրամյակների ընդմիջումից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին մեր ժողովրդին բախտ վիճակվեց վերականգնել ազգային պետականությունը, ստեղծել անկախ պետություն: Այդ անկախությունը մենք վերականգնեցինք ռազմական հաղթանակով, Սարդարապատի ճակատամարտում:

Մարդկության զարգացման այժմյան ուղղության պետությունների հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մի կախարդական բառ՝ ազատություն: Դա է մարդկության զարգացման ուղին, և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով դրանք պատճառաբանված լինեն, դատապարտված են անհաջողության: Ազատությունը ազգերի և ժողովուրդների համար դրսևորվում է անկախ պետականությամբ և կարևորագույն երաշխիքն է ազգային իղձերի իրականացման, ժողովրդի բարեկեցության: Անկախ պետականության գոյության կարևորագույն երաշխիքն է բանակը: 1918 թվականին մեր անկախության վերականգնումը պայմանավորված էր Սարդարապատի հաղթանակով, անկախության կորուստը՝ 1920թ. ռազմական պարտությամբ: Այժմ նույնն է պատկերը. մեր պետության գոյությունը, ներքին կյանքը, պետականության կառուցումը, մեր ժողովրդի ազատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է, կախված է նրա հաղթանակներից և պարտություններից: Եվ մեր ժողովուրդը, նորածին պետությունը ստեղծեցին հաղթանակող բանակ, որը մարտնչում է արդարության, ազատության, մեր ազգային իղձերի իրականացման համար: Այն, որ մենք այսօր հնարավորություն ունենք խաղաղ պայմաններում հպարտությամբ նշել մեր անկախ պետականության վերականգնման տարեդարձը,  պարտական ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ռազմաճակատներում, հանուն մեր ժողովրդի գոյության, հանուն մեր ազգի հզորացման: Այժմ մենք ունենք հզոր բանակ, համալրված լավագույն սպաներով, խիզախ զինվորներով, համակված ազգային ոգով, և այդ բանակը ի վիճակի է հաջողությամբ լուծել բոլոր այն խնդիրները, որոնք իր առջև կդնի մեր ժողովուրդը, մեր պետությունը:

Կեցցե մեր ժողովուրդը, կեցցե մեր անկախ պետությունը, կեցցե մեր ազգային բանակը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives