November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Մեր ընտանիքում հայ մնալը եւ Հայ Դատը գլխավորն է եղել»

«Մեր ընտանիքում հայ մնալը եւ Հայ Դատը գլխավորն է եղել»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 25-ին ԼՂՀ ԳԽ նախագահության, հրամանագրով ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայի Հանրապետությունում, Եվրոպայի Խորհրդարանում եւ Եվրոպայի Խորհրդում։ Նշանակվելուց մի քանի ժամ հետո «Հայլուրի» թղթակից Շուշանիկ Աբրահամյանը առաջին հարցազրույցն անցկացրեց նրա հետ։

– Պրն Գրիգորյան, խնդրում եմ պատմեք Ձեր կենսագրությունը, որն անշուշտ կհետաքրքրի մեր ընթերցողներին։

– Շնորհակալ եմ, սիրով։ Ծնվել եմ 1935 թվականի մայիսի 10–ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ծնողներս գաղթել են Մշո Բուլանլուխից, մայրս Խարբերղից է։ Լիոնում ստացել եմ տեխնիկական բարձրագույն կրթություն։ Աշխատել եմ տարբեր բնագավառներում։ Զբաղվել եմ առեւտրով, ունեցել եմ սեփական խանութներ, այնուհետեւ անցել պետական քաղաքական գործունեության։ 1977 թվականին ընտրվել եմ Վիլորբան (ունի 120 հագար բնակիչ) քաղաքի քաղաքապետի խորհրդական։ Այդ քաղաքապետը միաժամանակ նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն էր։ Ի դեպ նա մահացավ 1990 թվականի հունվար ամսի այն օրը, երբ մենք հանրահավաք էինք կազմակերպել ի պաշտպանություն Ղարաբաղի։

Նրանից հետո փոխքաղաքապետը, երբ ընտրվեց քաղաքապետ, ինձ նշանակեց, ավելի ճիշտ նորից ընտրվեցի նրա հատուկ խորհրդականը արտաքին հարաբերությունների հարցերի գծով։ Աշխատանքին զուգահեռ, միաժամանակ, նաեւ Լիոն քաղաքի (ունի 1 մլն 350 հազար բնակիչ) Եվրոպական Խորհրդարանի զարգացման հանձնաժողովի նախագահի՝ Հարրի Սաբիի տեղակալն եմ եղել։ Ի դեպ Հարրի Սաբին եղել է Ստեփանակերտում սաֆոնովյան ժամանակներում, բանտարկվել է այնտեղ, այնպես որ մեծ կապեր ունի Արցախի հետ։ Ունեմ երկու չափահաս որդի, որոնք շատ անգամներ եղել են Արցախում։ Երկար տարիներ եղել եմ Հայ Դատի կազմակերպության անդամ եւ աշխատել, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը Եվրոխորհրդարանի կողմից։ Ինչպես գիտեք 1988թ. հուլիսի 18–ին այն ընդունվեց։ Այստեղ նաեւ իր մեծ օգնությունը բերեց վերը նշված Հարրի Սաբին։

1992 թվականին կազմակերպել ենք Ֆրանսիայի Արցախի օգնության հանձնախումբը։ Եղել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Չնայած դրան՝ մասնակցել եմ տարբեր կուսակցությունների գործունեությանը, որտեղ իմ անհրաժեշտությունը զգացել են։ Մեր ընտանիքում հայ մնալը եւ Հայ Դատը գլխավորն են եղել։ Այսօր, երբ նոր պաշտոն եմ ստանձնել եւ այն էլ Արցախում, հիշում եմ լուսահոգի հորս։ Շատ ուրախ կլիներ ինձ տեսնելու այդ դիրքում, որովհետեւ դաստիարակությունը, որը տվել է ինձ, ապարդյուն չի անցել։

Մեր նստավայրը կլինի Վիլորբան քաղաքում, որտեղ հնարավորություն կա անմիջապես ներկայացուցչական գրասենյակ բացելու, այնտեղ հաղորդակցման կապի հիմնահարցեր չկան, հնարավորությունները շատ մեծ են։ Կաշխատենք ֆաքսով, տելեքսով, այսպես աշխատանքն ավելի դյուրին կկազմակերպվի։

– Այսպիսի իրավիճակում Ձեզ բավականին դժվար եւ լուրջ խնդիրներ են սպասում այն առումով, որ երկփեղկված Եվրոպայում, ուր մամուլն ու լրատվությունը հեղեղված են ադրբեջանական ստահոդ ու զրպարտիչ հոդվածներով, փաստացի առաջին պատասխանող անձը Դուք կլինեք։ Ինչի՞ց եք Դուք սկսելու գործը։ Պաշտպանությա՞մբ, թե՞ հարձակման անցնելով։

– Նախ մեկ շաբաթից կվերադառնամ Ֆրանսիա եւ այնտեղ կտամ առաջին մամլո ասուլիսը, որի ժամանակ, ինչ խոսք, կլինեն բազմապիսի հարցեր։ Կարծում եմ, կկարողանամ խոսել Ղարաբաղի այսօրվա կացության մասին։ Արդեն մեկ ամիս է, որ այստեղ եմ։ Շատ նկարահանումներ ունեմ, որոնք այնտեղ օգտակար կլինեն ասելիքս ամբողջացնելու համար։ Խոսքս փաստերով կլինի։ Երկրորդը, որ ավելի կարեւոր է, սեպտեմբերի 15-ին Եվրոխորհրդարանում, նրա հերթական նիստն է գումարվելու։

Այնտեղ ես զեկուցումով հանդես եմ գալու եւ ներկայացնելու եմ այն ռուս վարձկան օդաչուների խոսքը, որոնք այսօր գտնվում են Ստեփանակերտի բանտում։ Ասելիքս շատ կլինի. ե՛ւ բանավոր, ե՛ւ ցուցադրվող կադրեր։ Ինչ խոսք, այնտեղ կատարվելիք գործերը շատ են, եւ ես մենակ չեմ կարող անել։ Ֆրանսահայ մեր համայնքը շատ կարող է, եւ, հուսով եմ, որ տարբեր կուսակցություններ ինձ, կօգնեն, խելամիտ մարդիկ կաջակցեն ինձ, եւ կկարողանանք ամեն ինչ ուրույն ձեւով կազմակերպել։

– Ձեր պարտականությունների մեջ մտնում է նաեւ ԼՂՀ եկող օգնությունների համակարգումը։ Մինչ այդ Ձեր բերած օգնությունների բաժանման ժամանակ եղել են անարդարացի դեպքեր, որոնք տխրեցրել են Ձեզ։

– Անշուշտ։ Հրամանագրով այդ պարտականությունը եւս ինձ վրա դնելը պատահական չէ։ Շատ դեպքեր են եղել, որ Արցախի համար հավաքված օգնությունը չի հասել այստեղ։ Այնպես որ, սրանից հետո հանգանակված օգնությունը իր բոլոր փաստաթղթերով եւ ցուցակներով կուղարկվի Երեւանում Արցախի ներկայացուցչություն, այնտեղից էլ ուղիղ Ստեփանակերտ եւ տեղում կկատարվի բաշխումը։

– Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ բարի երթ։

– Ես էլ եմ շնորհակալ, կներեք դեռ գործունեություն չեմ ծավալել, ավելին չեմ կարող ասել։ Ես սիրում եմ գործել, նոր միայն խոսել եւ ոչ հակառակը։ Շնորհակալ եմ նաեւ Արցախի իշխանություններից, իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives