November 27, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Մենք համաշխարհային ազգ ենք

Մենք համաշխարհային ազգ ենք

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ես գիտեմ, որ այսօր և՛ ձեզ, և՛ ինձ, և՛ բոլորին բազմաթիվ հարցեր են հուզում՝ պարենային, կադրային հարցերը, հողի մասին օրենքի, մասնավոր սեփականության անցնելու, շրջաններում արտակարգ լիազորներ նշանակելու խնդիրները: Եվ դրանք իրոք հրատապ են: Ես շատ կարևոր եմ համարում նաև իրավիճակը Արցախում: Բայց այսօր կուզենայի խոսքս սկսել մի ուրիշ հարցից: Այժմ կառավարությունը քննարկում է թե՛ տնտեսական, թե՛ կադրային հարցեր, բայց, ի վերջո,  ամեն ինչ հանգում է շատ կարևոր հարցին՝ ո՞րն է մեր քաղաքական ուղղությունը: Պարզվում է, որ եթե մենք չհստակեցնենք, թե ինչ քաղաքական ուղի ենք ընտրելու, ինչ ճանապարհով ենք գնալու, շատ հարցերի պատասխաններ այսօր ուղղակի հնարավոր չի լինի գտնել: Նույնիսկ կադրային հարցում մեծ նշանակություն ունի, թե ինչ ճանապարհով ենք գնալու:

Մենք ընդունել ենք Հռչակագիր անկախության մասին, հռչակել ենք, որ մեր հանրապետությունը քայլ առ քայլ գնում է դեպի անկախ պետություն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս, ի՞նչ քայլեր անելով: Այսօր գրեթե բոլոր հանրապետություններն էլ հայտարարել են, որ իրենք փորձում են դառնալ անկախ պետություն: Լիտվան հռչակեց, որ ինքն անկախ է: Ոչ մեկը չընդունեց նրա անկախությունը, և նա անկախ չէ: Բնական է, որովհետև անկախությունը էապես պայմանավորված է նաև ուրիշների կողմից այն ճանաչելով: Փորձեր կատարվեցին անկախ  տնտեսություն կառուցելու: Այդ փորձերը ևս անհաջող էին:  Նույն ձախողումներն ունենք և մենք:

Փորձենք պատկերացնել, թե ինչ է նշանակում անկախ տնտեսություն: Իհարկե, աշխարհում բացարձակ անկախ պետություն գոյություն չունի: Բոլոր երկրներն էլ տնտեսապես կապված են միմյանց հետ: Մինչև այժմ միակողմանի  կապերով կապված էինք Խորհրդային Միության  հետ, և տնտեսական անկախությունը մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ. ոչ թե կտրել այդ կապերը, այլ որոշ դեպքերում խորացնել դրանք: Մենք պետք է կարողանայինք ստեղծել նաև նոր կապեր ուրիշ երկրների հետ, և այդ տնտեսական կապերի ցանցը պիտի ստեղծեր հավասարակշռություն, միակողմանի կախվածություն չէինք ունենա: Մենք կարո՞ղ ենք ուրիշ երկրների հետ կապեր ունենալ, թե ոչ: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք: Ամեն օր արտասահմանյան տարբեր ֆիրմաների ներկայացուցիչներ, սփյուռքահայեր մոտենում են տարբեր առաջարկներով (որոնց մի մասը ցնդաբանություն է, մի մասը՝ շատ արժեքավոր), բայց պետք է խոստովանենք, որ մեր արտաքին հարաբերությունները լիովին գտնվում են Կենտրոնի վերահսկողության տակ: Իհարկե, այդ արգելքները շրջանցելու բազմաթիվ ձևեր կան, և որոշ խելոք մարդիկ էլ այդ ձևերն առաջարկում են, բայց շրջանցելով՝ մենք անկախություն չենք ստանա: Որքան էլ խորամանկ լինենք, մեր դեմ կանգնած է կայսերական դարավոր փորձ ունեցող մի պետություն, որը մեզնից խորամանկ է, լծակներն էլ իր ձեռքում են: Արտաքին կապերից զատ, կա նաև ներքին տնտեսություն: Օրինակ՝ Խորհրդային Միությունն ընդունել է փոքր ձեռնարկությունների մասին օրենք: Մենք քննարկում ենք, թե ինչպես տեղայնացնենք այդ օրենքը, որովհետև դա շատ կարևոր է: Ամբողջ աշխարհում փոքր ձեռնարկությունները տնտեսության զարգացման խթան  են: Բայց տնտեսության մեր մոտեցումը հիմնովին տարբեր է: Եթե մենք ուզում ենք անցնել մասնավոր սեփականության  և փոքր ձեռնարկությունները պատկերացնում ենք որպես մասնավոր սեփականություն, ապա Խորհրդային Միությունն ուզում է ստեղծել շուկայական մեխանիզմներ՝ պահելով պետական սեփականությունը: Հետագայում կունենանք հզոր գիշատիչներ, որոնք մեծ դեր կկատարեն: Բայց դա ժամանակի խնդիր է: Եվ մինչ մենք դա իրականացնենք, նրանց պետական փոքր ձեռնարկությունները մեծ ուժ կունենան  Հայաստանում:

Մենք անընդհատ հակասությունների մեջ ենք Խորհրդային Միության հետ: Եվ գտնում եմ, որ ճողոպրելու այս ճանապարհով անկախություն չենք ստանա: Վերջին ժամանակներս Խորհրդային Միությունում մեկ ուրիշ գործընթաց է նկատվում: Բոլորը կարծես կրկին հավաքվում են Կենտրոնի շուրջը: Ես վախենում եմ, որ մենք կարող ենք պահը կորցնել: Կամ կկորցնենք պահը, և այս պետությունն ինչ-որ ձևով կկարողանա միասնական գնալ, կամ այն կսկսի քանդվել, մենք էլ նրա հետ, փլատակների տակ կմնանք: Մի ձև կա, որ ես առաջարկել եմ թե՛ իմ  «Գնացքից թռչելու ժամանակը» հոդվածում, և թե՛ Գերագույն խորհրդի իմ ելույթներից մեկում: Մենք ունենք մի առավելություն, որը հանրապետություններից և ոչ մեկը չունի: Դա միատարր բնակչությունն է: Այն, ինչ որ մենք կարող ենք անել, ուրիշ ոչ մի հանրապետություն անել չի կարող: Առաջինը՝ հանրաքվեն է: Առաջին հայացքից այն ծիծաղելի է թվում: Ես համոզված եմ, որ հանրաքվեի արդյունքները դրական կլինեն, ժողովրդի 70-80 տոկոսն անկախության կողմ կքվեարկի: Եվ եթե մեզ հաջողվի ստանալ դրական արդյունք, ապա այդ փաստաթուղթը միջազգային մեծ կշիռ կստանա: Խորհրդային Միությունը դա շրջանցել չի կարող: Եթե հիշում եք, Գորբաչովն էլ էր ասում, որ ԽՍՀՄ-ից դուրս գալու մի ձև կա՝ հանրաքվե, որ խորհրդարանի որոշումը դեռևս ամբողջ ժողովրդի կարծիքը չէ: Ինչու՞ է նա այսպես մտածում: Նա համոզված է, որ հանրաքվեն լիովին համապատասխանում է ԽՍՀՄ սահմանադրությանը: Հաշվի առեք, որ Արևմուտքը երբեք չի ընդունի որևէ հանրապետության անկախությունը, եթե այն չի ընդունվել Խորհրդային Միության կողմից:

Մեր անկախությունը նախ հարկավոր է պարտադրել Կենտրոնին: Հանրաքվեի արդյունքներով կարող ենք արժանապատվությամբ, առանց զգացմունքների, բանակցությունների գնալ Մոսկվա: Նշել մեր անկախության փուլերը, նշել, թե այդ փուլերում ինչ պարտավորություններ ունենք մենք, ինչ պարտավորություններ՝ դիմացինը, և այդպես շարունակ: Իսկ հիմա, եթե  մեր  ձեռնարկություններից որևէ մեկը կապ է հաստատում արտասահմանի հետ, վալյուտա է աշխատում, ապա դրա 40 տոկոսը գնում է ԽՍՀՄ-ին՝ պարտքերը մարելու համար: Ես կարծում եմ, որ առաջին փուլում Հայաստանի պարտքերը հենց ԽՍՀՄ-ի արտաքին պարտքի այն մասն են,  400-500 միլիոն դոլար, որ մենք  վերցրել ենք մեզ վրա: Այդ պարտքերը մարելը դժվար չէ: Գուցե շատերին դուր չգա, բայց միայն կաուչուկ արտադրելով՝ 2-3 տարում պարտքերը կարող ենք մարել: Եվ կարելի է գծագրել, թե փուլ առ փուլ ինչպես ենք գնալու անկախության: Կարող եք հարցնել՝ իսկ եթե Կենտրոնը չհամաձայնվի՞: Չհամաձայնվի, մեր ընտրած ճանապարհը կա ու կա: Այս վիճակում չափազանց դժվար է անկախ տնտեսական ծրագրեր իրականացնել: Եթե անկախություն չունենանք, տնտեսական ծրագրերի մի մեծ մասը պարզապես անհնար կլինի իրականացնել: Հիմա ընդունում ենք հողի մասին օրենքները: Ստեղծում ենք մի խավ, որն էապես շահագրգռված կլինի անկախությամբ, բայց մյուս կողմից՝ իրոք, գյուղացին ինքն էլ երաշխիքներ պետք է ունենա, որ հողն իր ձեռքից չեն վերցնի: Իսկ ո՞րն է երաշխիքը. միայն անկախությունը:

Ես ուզում եմ մի ուրիշ հարցի անդրադառնալ: Անկախության նպատակը միայն լավ ապրելը չէ: Անկախությունը միջանկյալ և կարևոր քայլ է: Բայց ունենք մեր գերխնդիրը: Ազգային հարցերում իմ մոտեցումը միշտ եղել է հանուն այդ գերխնդրի  լուծման: 1915 թվից հետո հայությունը սփռվել է աշխարհով մեկ: Այն տպավորությունն է ստեղծվել՝ 1915 թվի պատճառով է, որ մենք սփյուռքահայություն ունենք: Դա ինքնախաբեություն է: Մենք դարեր շարունակ սփռված ենք եղել աշխարհում,  պետք է բաց աչքով նայենք ճշմարտությանը: Ճակատագրով սփռված ենք աշխարհով մեկ, և եթե նույնիսկ ունենանք մեր անկախ պետությունը, միևնույն է, բոլոր հայերով այստեղ չենք կարող հավաքվել: Մենք համաշխարհային ազգ ենք, ու մեր խնդիրներն էլ համաշխարհային են: Դարերի ընթացքում հայերս միշտ փորձել ենք կազմակերպվել, ստեղծել որոշակի կառուցվածքներ, ազդել ամբողջ աշխարհի քաղաքականության վրա և մեր տեղը գտնել աշխարհում: Չի հաջողվել, որովհետև չի եղել կորիզը: Այդ կորիզը կարող է լինել միայն անկախ պետությունը: Անկախ պետությունն ինձ համար ոչ միայն մեր բարեկեցությունն է, այլև այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվի ամբողջ հայությունը: Սփյուռքահայությունն այսօր, այո,  պետք է օգնի հայրենիքի անկախացմանը, իսկ վաղը մենք կօգնենք դրսի հայությանը: Մենք համաշխարհային կառույցներ պիտի ունենանք: Այս ուղղությամբ հարկ է մտածել ու գործել: Աշխարհի ամեն ծայրում ապրող հայը պիտի գիտակցի, որ պարտք ունի հայրենիքի, իր ազգի նկատմամբ: Եթե ճակատագիրը նրան ուրիշ տեղ է տարել, դրանում խորհրդավոր բան կա: Մեր ազգը մի քիչ տարբեր է ուրիշ ազգերից: Մենք պարտք ունենք կատարելու, մենք առաքելություն ունենք, որը իրականացնելու համար անկախ պետություն պետք է ունենանք: Ես ուզում եմ, որ ներքին ըմբռնում լինի, թե մենք ինչ ճանապարհով ենք ուզում գնալ: Իհարկե, այդ ճանապարհը պետք է քննարկել: Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնվել, բայց պետք է համաձայն լինեք քննարկմանը: Այսպես անորոշ մնալ չի կարելի: Մենք ասում ենք՝ զրկանքների մեջ ենք, սնունդ չկա, որովհետև գնում ենք դեպի անկախություն: Սուտ է: Ողջ Խորհրդային Միությունում է այդպես: Դրա պատճառներն ուրիշ են: Մենք զրկանքների մեջ ենք՝ առանց նպատակի: Ավելի լավ է՝ զրկանքները մի քիչ շատ լինեն, բայց նպատակը հստակ լինի: Եվ այս տեսակետից շատ մեծ նշանակություն  ունի մեր ազգի ներքին բարոյականությունը:

Միայն տնտեսական խնդիրներով մենք որևէ բանի հասնել չենք կարող: Մենք պետք է լուծենք մեր ազգային բարոյական խնդիրները: Այդ տեսակետից շատ վտանգավոր է մտավորականության ընդհատակ անցնելը: Ես կողմնակից եմ, որ մտավորականությունը լինի քննադատի դերում: Իհարկե, կարելի է ընդհատակ անցնելու պատճառները գտնել, կարելի է այս կամ այն մարդուն մեղադրել, բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մեր մտավորականությունը (չեմ ասում միայն տիտղոսավորները) ազգի միջնաբերդը դառնա, որի շուրջ հավաքվի ազգը և կարողանա լուծել իր հարցերը:

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը 1990թ. դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում
«Հայաստանի Հանրապետություն», 1990, 16 դեկտեմբերի
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives