Երբ սկսեցինք այս պայքարը, բոլորս էլ գիտակցում էինք, որ մեծ հույսեր չկան: Հայ ժողովուրդը ընտրեց սահմանադրական ուղին: Մենք գիտեինք, որ շատ փորձություններ են լինելու և գնացինք սահմանադրական ուղիով, մեզ պատասխանեցին Սումգայիթով: Եկեք հասկանանք. մենք խաղալիք կդառնանք, եթե ընդհարումներ սկսենք ադրբեջանցիների հետ, նրանք էլ կլինեն խաղալիք: Ինչու՞ մեզ պատասխանեցին Սումգայիթով: Ինչպես երևում է, մենք, առանց խորը գիտակցելու, կպանք պետության շատ նուրբ թելերին: Ո՞րն է այդ թելը, դա մեր ընտրած սահմանադրական ուղին է:
Այս պետությունն ուզում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրավական, դեմոկրատական պետություն է և կարողանում է գնալ սահմանադրական ուղիով: Բայց մեր շարժումը գնաց այդ ուղիով, և դեմն արգելք դրվեց: Ամեն ինչ արվում է, որ ընդհարում սկսվի հայերի և ադրբեջանցիների միջև: Դա չի լուծի Ղարաբաղի հարցը, դա կշեղի մեզ: Ո՞րն էր մեր պահանջը, երբ առաջին անգամ սկսեցինք համագործակցել Ռուսաստանի հետ. ուզում էինք ստեղծել անկախ պետություն: Ինչո՞վ ավարտվեց՝ կոտորածով: 15 թվին աղաչում էինք, որ փրկեն մեր կյանքը: Մենք Ղարաբաղն էինք ուզում, հիմա լաց ենք լինում Սումգայիթի զոհերի համար:
Ո՞րն է ելքը: Այն ամենը, ինչը շեղում է սահմանադրական ուղուց, սխալ է, կկործանի և՛ ժողովրդին, և՛ Ղարաբաղի հարցը: Պետք է գնալ սահմանադրական ուղիով: Հունիսի 15-ին Գերագույն խորհրդի նստաշրջանն է: Պետք է պահանջել, որ ժողովուրդը, կառավարությունը, պատգամավորները պատասխան տան Ղարաբաղի ժողովրդին: Դա է ուղին: Ոչ մի դեպքում չպետք է շեղվել այդ ուղուց, շեղումը կորստաբեր է: Ես մի ուրիշ բան էլ ասեմ. շարժումն ընդլայնել է իր սահմանները: Սա արդեն միայն Ղարաբաղի հարց չէ: Սահմանադրական ճանապարհին կիրառվեց գործադուլի գաղափարը, որն ընդունում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Փետրվարյան գործադուլները տեղի ունեցան մեր խանդավառության շնորհիվ: Մեզ գործադուլը պետք էր: Գործադուլների մասին որոշումներն այսուհետև պետք է ընդունել շրջահայացորեն և հասնել այն բանին, որ գործադուլը դառնա մեր զենքը: Առաջարկում եմ՝ բոլոր գործարաններում, հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծել գործադուլային կոմիտեներ, որպեսզի հարկ եղած դեպքում գործադուլ արվի ոչ թե ինչ-որ մեկի ասելով, հրապարակում հավաքվելով, բորբոքվելով, այլ սառը դատողությամբ, որոշման մեջ ամեն ինչ հաշվի առնելով: Անհրաժեշտ է ստեղծել այդպիսի կազմակերպությունների ցանց Հայաստանում:
Այսօրվա գործադուլը պետք է պայմանավորված լիներ Ղարաբաղի գործադուլով: Բայց նրանց գործադուլը նույնպես հրահրված է: Գտնում եմ, որ Լիգաչովի խոսքերը չպետք է այդպես բորբոքեին Ղարաբաղի ժողովրդին: Արդեն նախորդ ամսվա ընթացքում շատ բնական կապեր ստեղծվեցին Հայաստանի և Ղարաբաղի միջև, որոնք կարող էին շարունակվել, որոշ դադար էր հարկավոր:
Պետք չէր այդպես սուր ընդունել: Եվ շատ սխալ կլինի, եթե ամեն դատարկ խոսքից Ղարաբաղում գործադուլ արվի, մենք էլ հավաքվենք այստեղ, որոշենք գործադուլ անել: Գործադուլը զենք է մեր ձեռքին, որը անհրաժեշտ է կշռադատված, նպատակահարմար պահին գործի դնել: Գիտեմ, որ հիասթափեցնում եմ ձեզ, դուք սպասում էիք, որ հիմա գործադուլի կկոչեմ: Բայց ես գտնում եմ, որ դեռ այդ պահը չէ: Մինչև հունիսի 15-ը կպահանջենք, որ նստաշրջանն ընդունի համապատասխան որոշում: Մինչ այդ Ղարաբաղում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինենք վերանայել այդ որոշումը: Ես նորից եմ հիշեցնում, որ գործադուլի որոշումները կատարվեն սառը դատողությամբ, կշռադատված: Եվ մի ուրիշ բան. շարժումն սկսվեց որպես Ղարաբաղյան շարժում, բայց մեծացրեց իր սահմանները: Այժմ մեր որոշումներից է կախված ոչ միայն Ղարաբաղի հարցը, այլև հայ ժողովրդի ճակատագիրը:
Որոշում ընդունելու համար մոտ ժամանակներս ստեղծելու ենք իրավասու մարմին: Այս հարցի կապակցությամբ երևի լավ կլինի, որ բոլորս համագործակցենք: Չդադարեցնելով մեր պայքարը՝ խորհրդակցություններ կհրավիրենք պարզելու համար, թե ինչպիսի մարմին է պետք, որ ղեկավարի այս համազգային շարժումը: Ղարաբաղի գործադուլի արդյունքում ահա արդեն հինգ օր է՝ բուհերի ուսանողները նստած են հարթակին: Կարծում եմ, որ ամբողջ ժողովրդի անունից պետք է շնորհակալություն հայտնենք նրանց: Հայտնեմ նաև, որ համալսարանի մի խումբ դասախոսներ որոշել են մինչև լույս նստել ուսանողների հետ:
Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում, 1988թ., հունիսի 2
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.