«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հռոմի հանդիպումներում ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցիչ Զոն Մարեսկան, ամերիկյան կոնգրեսի ԵԱՀԽ-ի գծով հանձնաժողովի նիստում անդրադառնալով Հռոմում փետրվարի 26-ից մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած հանդիպմանը, մասնավորապես ասել է. «Անչափ ծանր եւ բարդ բանակցություններից հետո Մինսկի խումբը հասավ հետեւյալ խնդիրների շուրջ համաձայնագրի կնքմանը.
ա. Հրադադարից հետո ԵԱՀԽ–ի դիտորդական միսիան հակամարտության գոտի ուղարկելու համար անհրաժեշտ գործունեության ծրագրի նախագիծ,
բ. Դիտորդների ուղարկման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, ապա փորձագետների խմբերը հակամարտության գոտի ուղարկելու համար ԵԱՀԽ–ի հարցման եւ պահանջագրի ներկայացում,
գ. Հրադադարի ժամկետները, նեռարյալ ԵԱԽՀ-ի հրադադարի գծով դիտորդների միսիայի աշխատանքի սկսման ժամկետը եւ Մինսկի խորհրդաժողովի պաշտոնական բացման հետ առնչվող փաստաթղթերը,
դ. Խաղաղ բանակցությունների գործընթացի կոնկրետ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար 1993թ. ապրիլին անցկացնել Մինսկի խմբի եւս մեկ հանդիպում, դրանով իսկ ԵՍՀԽ-ը, առաջին անգամ լինելով, ստանձնում է հրադադարի դիտորդի դերը։ ԱՄՆ-ը լիովին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ասպարեզում ամենագլխավոր միջոցը՝ ԵՍՀԽ-ի Մինսկի խորհրդաժողովը»:
ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցիչն ավելացրել է նաեւ, որ ամենայն հավանականությամբ հրադադարի վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածությունից հետո էլ մարտերը մերթընդմերթ կշարունակվեն, քանզի «այդ տարածաշրջանը լեցուն է զենքով եւ երկու կողմում էլ անչափ շատ է զգացմունքայնությունը»: