Ազգ, 27 մարտի, 1993թ., թիվ 56(307), շաբաթ
Մարտի 25-ի երեկոյան և լույս 26-ի գիշերը, ինչպես նաև երեկ օրվա ընթացքում ԼՂՀ Մարտակերտի շրջանում ռազմական լուրջ գործողություններ տեղի չեն ունեցել: Ռազմաճակատի առանձին հատվածներում ընթացել են դիրքային մարտեր: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շարունակում են վստահաբար վերահսկել նախորդ օրերին գրաված բարձունքներն ու մարտավարական մեծ նշանակություն ունեցող Մարտակերտ-Աղդամ ավտոմայրուղին:
Ռազմական լուրջ գործողություններ չեն արձանագրվել նաև Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի մատույցներում: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:
Միաժամանակ, Ղարաբաղի «Նորություններ» գործակալությունը հաղորդում է, թե նախորդ գիշեր ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը Մարտակերտի ուղղությամբ կասեցրել են ադրբեջանական կազմավորումների գրոհը: Հայկական կողմից զոհվել է 2, վիրավորվել 4 զինվոր: Ադրբեջանական բանակի կորուստներն անցնում են 3 տասնյակից:
Իրենց հերթին ադրբեջանական աղբյուրները հայտնում են դիրքային մարտերի մասին Մարտակերտի շրջանում: Մանրամասնություններ չեն հաղորդվում: Ըստ նույն աղբյուրների, Ղարաբաղի տարածքից հրետակոծվել են Աղդամ և Ֆիզուլի շրջկենտրոնները: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
«Ազգ»