«Հայաստանի Հանրապետություն», 20 հուլիսի, 1993թ., 142(746), երեքշաբթի
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մարիո Ռաֆայելիի գլխավորած ԵԱՀԽ առաքելության տարածաշրջան կատարած այցելության կապակցությամբ հուլիսի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ: Նրանում գոհունակություն է հայտնվում այդ այցելության կապակցությամբ, որի նպատակն էր գնահատել տարածաշրջանում քաղաքական վերջին փոփոխությունների կարևորությունը, տեղի իրադրությունը և Մինսկի խմբի նախաձեռնության նկատմամբ տարբեր կողմերի դիրքորոշումը:
Հայաստանը, ասված է հայտարարության մեջ, հիմնականում դրականորեն է գնահատում առաքելության արդյունքները: Այցելության ընթացքում Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում տեղի են ունեցել ծավալուն քննարկումներ, որոնք հանգեցրել են բազմաթիվ հարցերի պարզաբանումների ու հստակեցումների, դյուրացնելով խաղաղարար նախաձեռնության իրագործումը և բանակցությունների հետագա ընթացքը:
Ընդգծվում է Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումների հատուկ կարևորությունը Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների մտահոգություններն ու նրանց առջև ծառացած դժվարություններն ըմբռնելու տեսակետից: ՀՀ արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ Մարիո Ռաֆայելիի առաքելությունը, ելնելով այցելության ընթացքում կատարված հստակեցումներից ու պարզաբանումներից, հարմար կգտնի Մինսկի խմբի նախաձեռնության շուտափույթ իրականացումը: