November 27, 2024

Մամուլ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59

Տեղումս հրատարակվող սոցիալ-դեմոկրատ մեծամասնականների օրգանը՝ «Խոսք» շաբաթաթերթը իր թիվ 2-ում ընդարձակ առաջնորդող նվիրելով «կառավարության ճգնաժամին», անում է մի քանի ճիշտ դիտողություններ։

Կառավարությունը ապրում է ճգնաժամ, դա շատ բնական է այդ կրիզիսը լինելու է տևական ամեն մի կառավարության համար, որովհետև ինքը հանրապետությունը գտնվում է աննկարագրելի կատաստրոֆիկ դրության մեջ։ Կրկնում ենք՝ պերմանենտ կրիզիսը, հարատև ճգնաժամը լինելու է բնորոշ գիծ ներկա Հայաստանի ամեն մի կառավարական կազմի համար։ Եվ դեռ կան միամիտ մարդիկ, որոնք կարծում են, թե դեղատոմսը գտնված է և ելքը հայտնագործված, երբ արտասանում են «կոալիցիոն մինիստրություն» կախարդական բառերը։

Կոալիցիան մի կոմպրոմիս է, և եթե ռեալ քաղաքականությունը կամ կյանքի պայմանները պահանջում են այդ, նրա դեմ առարկել ոչինչ չի կարելի, որովհետև կյանքի հրամայական պահանջը բարձր է ամեն ինչից։ Այստեղ չպետք է մոռացության տալ և այն կարևոր հանգամանքը, որ խառը մինիստրությունը հաճախ հայելու պես իր մեջ անդրադարձնում է տվյալ երկրում գոյություն ունեցող դասակարգերի փոխհարաբերությունը կամ պառլամենտական ասպարեզում գործող կուսակցությունների դասավորումը։

Մեզանում կոալիցիոն մինիստրություն պահանջողները ղեկավարվում են ոչ թե պետական շահերը ի նկատի ունենալով, այլ միայն կուսակցական նկատառումներով։ Օրինակ, երբ այդ պահանջը հրապարակ է բերում «Ժողովրդական կուսակցությունը», նրա ձգտումը հասկանալի է՝ 1. Թուլացնել կամ չեզոքացնել Դաշնակցությունը, 2. Հնարավորություն տալ հակահեղափոխական տարրերին խիզախորեն հրապարակ գալ։ Դա կասկածից դուրս է, և երբ հիշյալ կուսակցության այս կամ այն ներկայացուցիչը ճգնում է ապացուցել հակառակը, նա ավելի է հաստատում մեր ասածը։

Երբ էսէռներն են կոալիցիա պահանջում, դա նույնպես հասկանալի է, նրանք էլ են կամենում արեգակի տակ տեղ ունենալ և նրանք իրավունք ունեն, որովհետև իրենց ծրագրի հիմնական սկզբունքներով և պահանջներով, իրենց փիլիսոփայական և հասարակագիտական ընդհանուր աշխարհայացքով այնքան մոտ և հարազատ են Դաշնակցության, որ կարող են ազատ կերպով ընդունվել մի-մի դաշնակցական մինիստրության մեջ և ամենաշատը կազմել նրա ձախ թևը։ Այս պարագան մինիստրական կազմը կդարձներ ավելի աշխույժ և կենդանի։ Բայց այստեղ մի հարց է առաջ գալիս. որքա՞ն էսէռական կուսակցությունը, իբրև այդպիսին, ուժեղ է բուն հայկական իրականության մեջ և ինչպիսի զանգվածների է նա հենվում։ Պատասխանը գաղտնիք չէ ոչ ոքի համար և իհարկե ամենից առաջ հենց իրենց էսէռների համար։ Ահա թե ինչու հետևողական, լուրջ և խելացի օպոզիցիայում մնալը գուցե ավելի սազեր էսէռներին, եթե միայն նրանք անպայման կամենում են մի զատ կուսակցություն համարվել։

Մարքսիստները, որոնք սակավաթիվ են Հայաստանի հանրապետության տերիտորիայի սահմաններում, որոնք չեն կռթնում ուժեղ բանվորական դասակարգի և իրենց ընդհանուր աշխարհայացքով էապես տարբերվում են մյուս բոլոր կուսակցություններից, ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեն երկրին և ժողովրդին, եթե մնան լուրջ և խելացի քննադատողի դերում և հետևողականորեն առաջ տանեն այդ՝ ավելի քան ծանր և պատասխանատու պաշտոնը։ Առանց բանվորական մասսայի բուն երկրում, նրանք կտրվախ կմնան մայր հողից և կոալիցիոն մինիստրության մեջ կենթարկվեն ուրիշի արբանյակը լինելու ոչ նախանձելի վտանգին։ Ծայրահեղ ձախակողմը, հնարավորություն չունենալով իր ձեռքում պահել կառավարության ղեկը, կոալիցիոն մինիստրության մեջ կարող է շատ աննշան դեր խաղալ, ծայրահեղ աջակողմը մտնելով կոալիցիայի մեջ, իրեն նպատակ է դնելու ոչ օրգանական աշխատանքը։ Կոալիցիայի հետևանքը կարող է ավելի աղետաբեր լինել մեր տվյալ ներքին և արտաքին քաղաքական պայմաններում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives