«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի
ԼՂՀ ԱԳՆ անվստահություն է հայտնում ԵԱՀԽ-ին
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման խնդիրը մոտ ժամանակներս կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այդ մասին հուլիսի 27-ի բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Կարասինը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանն այդ խնդրում որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես կգա երկարատև քաղաքական որոշման կողմնակից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով խնդրի սուր հարցադրումից:
Իր հերթին, երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ի նախագահին, Մինսկի խմբի 9 երկրների կառավարություններին ու խորհրդարաններին, ինչպես նաև Մարիո Ռաֆայելիին ուղղված մի հայտարարությամբ, որտեղ ոչ միայն կոչ է արվում աջակցել երկկողմ խաղաղ բանակցություններին, այլև կասկած է հայտնվում ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ընթացքի շարունակման կապակցությամբ: Դա բացատրվում է նրանով, որ Մինսկի խումբը և նախագահ Ռաֆայելին միտումնավոր վերաբերմունք են ցույց տալիս Լեռնային Ղարաբաղի գործողություններին, փաստորեն Ղարաբաղի ժողովրդին զրկելով արտաքին ագրեսիայից ինքնապաշտպանվելու օրինական իրավունքից:
«Ազգ»