Հայաստանի Հանրապետություն, 21 օգոստոսի, 1993թ., թիվ 166(770), շաբաթ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության հարաբերությունների վատթարացման և նրանց միջև լարվածության առթիվ: Խորհուրդը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում իր ազդեցությունն օգտագործել՝ ստանալու համար Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքի (region) հայերի համաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 (1993) և 853 (1993) բանաձևերին:
Խորհուրդը նաև իր խորը մտահոգությունն է հայտնում Ֆիզուլիի շրջանում (area) կռվի սաստկացման կապակցությամբ: Խորհուրդը դատապարտում է Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքի (region) կողմից Ֆիզուլիի տարածքի (region) վրա հարձակումները՝ ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ դատապարտել էր Ադրբջանական Հանրապետության Քելբաջարի և Աղդամի շրջաններ (district) ներխուժումը և գրավումը: Խորհուրդը պահանջում է բոլոր հարձակումների կասեցում և տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը վտանգող թշնամական գործողությունների ու ռմբակոծումների դադարեցում, ինչպես նաև Ֆիզուլիի տարածքից, Քելբաջարի ու Աղդամի շրջաններից և Ադրբեջանական Հանրապետության վերջերս գրավված այլ տարածքներից բոլոր զավթող ուժերի լիակատար ու առանց նախապայմանների դուրս բերում: Խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իր առանձնահատուկ ազդեցությունն օգտագործել այս ուղղությամբ:
Խորհուրդը վերահաստատում է Ադրբեջանական Հանրապետության և տարաշածրջանի մյուս պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրանց սահմանների անձեռնմխելիությունը և լուրջ մտահոգություն է հայտնում ԵԱՀԽ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ լուծման հասնելու ջանքերի վրա այդ թշնամական գործողությունների թողած ազդեցության կապակցությամբ: Խորհուրդը շեշտում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԽ-ի խաղաղարար գործընթացին և մասնավորապես նշում իրենց տեսակետներն ուղղակիորեն արտահայտելու հնարավորությունը, որը Մինսկի խմբի խորհրդակցությունների ներկա փուլն ընձեռել է հակամարտության բոլոր կողմերին: Այս կոնտեքստում խորհուրդը բոլոր կողմերին կոչ է անում դրականորեն պատասխանելու Մինսկի խմբի կողմից ընդունված «ՄԱԿ-ի ԱԽ 822 (1993) և 853 (1993) բանաձևերի կատարմանն ուղղված անհապաղ քայլերի ժամանակացույցի» օգոստոսի 13-ի ճշտված տարբերակին և զերծ մնալու որևէ գործողությունից, որ կարող է խոչընդոտել խաղաղ լուծումը: Խորհուրդը ողջունում է իրադրության բոլոր բնագավառների մասին զեկուցելու նպատակով տարածաշրջան հատուկ առաքելություն ուղարկելու ԵԱՀԽ-ի մտադրությունը:
Հակամարտության այս ամենավերջին սաստկացման լույսի ներքո Խորհուրդը վճռականորեն վերահաստատում է ՄԱԿ-ի ԱԽ 853 (1993) բանաձևում արտահայտած բոլոր երկրներին ուղղված իր կոչը՝ զերծ մնալ որևէ զենքի ու զինամթերքի մատակարարումից, որը կարող է հանգեցնել հակամարտության սաստկացման կամ Ադրբեջանական Հանրապետության տարածքի զավթման շարունակման: Խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում ապահովել, որ ընդգրկված զորքերը իրենց ռազմական կամպանիան առավել ծավալելու միջոցներ չստանա:
Խորհուրդը վերահաստատում է նաև միջազգային մարդասիրական օգնության ջանքերի տարածաշրջան՝ հակամարտությունից ազդված բոլոր գոտիներ անարգել մուտքի համար 822 (1993) և 853 (1993) բանաձևերում արտահայտած իր կոչերը՝ նպատակ ունենալով թեթևացնել խաղաղ բնակչության շարունակաբար աճող տառապանքները: Խորհուրդը հիշեցնում է կողմերին, որ հարկադրված են և պարտավոր են ենթարկվել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին ու կանոններին:
Անվտագության խորհուրդը կշարունակի ակտիվորեն զբաղվել այս հարցով և պատրաստ կլինի համապատասխան քայլեր նկատի առնել՝ ապահովելու համար, որ բոլոր կողմերը լիովին հարգեն ու հետևեն իր բանաձևերին:
18 օգոստոսի, 1993թ.