Ազգ, 20 մարտի, 1993թ., թիվ 51(302)
ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալներով, շարունակվում են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի մոտակայքում, Ստեփանակերտից հարղորդում է մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը: Երկու կողմից կան կորուստներ, որոնց թիվը ճշտվում է: Ղարաբաղի զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել մարտի 18-ին ազատագրված Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերը:
Ինքնապաշտպանության շտաբից ստացված հաղորդագրությունների համաձայն, Մարտունու, Հադրութի և Ասկերանի շրջաններում լուրջ փոփոխություններ չեն եղել: Գրանցվել են դիրքային փոխհրաձգություններ: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:
ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի վկայությամբ հունվարի սկզբից մինչև մարտի 18-ը ԼՂՀ ռազմաճակատներում ադրբեջանական բանակը տվել է առնվազն 1300 սպանված զինվոր ու սպա, ոչնչացվել և առգրավվել է 42 միավոր ռազմական տեխնիկա, հայկական զինված կազմավորումներն ազատագրել են 27 գյուղ: Ինչպես հաղորդում է Նոյյան տապան գործակալությունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի նորությունների գործակալությունը, Լաչինի միջանցքից հարավ Մալխալաֆ բնակավայրի մատույցներում նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զրահատեխնիկայի խոշոր կուտակումներ: