«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Օրերս Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ նշանակված Հ. Հաջիզադեն հայտարարել է, որ հիմնական նպատակը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, ներկայացուցչությունը դեսպանության վերածելը եւ իրավահավասարության, անկեղծության եւ փոխշահավետության հիման վրա ռուս–ադրբեջանական համագործակցությունը կարգավորելը։
Բաքվում, Մոսկվա մեկնելուց առաջ, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Հ. Հաջիզադեն նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանը վարելու է «բաց դռների» քաղաքականություն։ Ընդսմին, նա ընդգծել է, որ մինչեւ այժմ բացառապես դեպի Ռուսաստանը կողմնորոշված հանրապետությունը պետք է ազատվի արտաքին քաղաքականության մեջ առկա այդ միակողմանիությունից։ Ադրբեջանը մտադիր է հարաբերությունները զարգացնել նաեւ Բալթյան հանրապետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ հարավային հարևանների հետ։
Մինչեւ Մոսկվայում լիազոր ներկայացուցիչ նշանակվելը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հ. Հաջիզադեն եղել ԱԺՃ-ի «Ազատություն» թերթի խմբագրապետը։