«Ազգ», օգոստոսի 5, հինգշաբթի, 1993թ.
Գնդակոծվել է Կոթի գյուղը
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տվյալներով, օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան շարունակվում էին հայկական պաշտոնական դիրքերի հրթիռակոծումը Ֆիզուլու շրջանի սահմանի ողջ երկայնքով: Այդ մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը:
Լեռնային Ղարաբաղի ռազմական հետախուզության տվյալներով, Ֆիզուլի շրջկենտրոնում նկատվում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կուտակումներ:
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի մի բարձրաստիճան սպայի վկայությամբ, Արցախի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրադրությունը ռազմաճակատի տվյալ հատվածում և համապատասխան միջոցներ ձեռնարկում թշնամու կողմից մարտական գործողությունների հնարավոր ակտիվացումը կանխելու համար: Այդ լուրը հաստատում է նաև Նոյան Տապան գործակալությունը նշելով նաև, որ ռազմաճակատի մյուս մասերում փոփոխություններ չեն եղել: Իր հերթին, Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոֆիկ Աբասովը երեկ Բաքվում կայացած բրիֆինգում հայտարարեց, թե Ղարաբաղի ճակատներում հարաբերական անդորր է: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Ֆիզուլու շրջանում դեռևս հայերի հսկողության տակ է մնում 10 ադրբեջանական գյուղ:
Աբասովի խոսքերով, այսօրվա դրությամբ գրանցվել է 129 հազար 783 փախստական Ադրբեջանի Աղդամի շրջանից, որից 19 հազար 872-ը տեղափոխվել են Բաքվում: Փախստականներին տրվել է 500 մանաթ (5000 ռուբլի) միանվագ օգնություն:
Հիշեցնենք, որ երեկ, օգոստոսի 4-ին լրացավ Ղարաբաղ-Ադրբեջան հրադադարի 3-րդ օրը: Մյուս կողմից, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդման, օգոստոսի 3-ի երեկոյան Ադրբեջանի տարածքից «Գրադ» կայանքներից ու հրետանուց կրակ է բացվել Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի ուղղությամբ: «Նոյան տապանը» նաև հաղորդում է, որ զրահամեքենաներից արձակված կրակով փորձ է արվել այրել նույն շրջանի Բարեկամավան գյուղի ցորենի արտերը: Հայաստանի տարածքային պաշտպանության ուժերի պատասխան գործողություններից հետո գնդակոծությունը դադարել է: