«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի
Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Բաբենկոն հավաստիացնելով, թե հայ-թուրքական սահմանում երեկ էական փոփոխություններ չեն գրանցվել, անդրադարձավ նաև այն տեղեկություններին, ըստ որոնց, իբր թե Հայաստանի սահմանի վրա թուրքական ուղղաթիռներ են հայտնվել: Բաբենկոն հայտարարեց, թե այդ տեղեկությունները ճշտվում են, և առայժմ դրանց հաստատման մասին տվյալներ չկան:
Միաժամանակ, երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում համեմատաբար հանգիստ է եղել: Հենվելով ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված տեղեկությունների վրա, Ստեփանակերտի մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, թե ընդհանուր առմամբ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերը պահպանում են հրադադարը, թեև սեպտեմբերի լույս 8-ի գիշերը ռազմաճակատի Մարտունի-Ֆիզուլի հատվածում ադրբեջանական ուժերը նռնականետերից և հրաձգային զենքից գնդակոծել են հայկական պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան: ԼՂՀ պաշտպանության բանակը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից: Ավելի վաղ, սեպտեմբերի 7-ին ադրբեջանական ուժերը Զանգելանի շրջանի ռազմական հենակետերից հեռահար հրետանուց և Գրադ կայանքներից հրետակոծել էին Լաչինի մարդասիրական միջանցքի հարավային մատույցների պաշտպանական դիրքերը: Նույն օրը ադրբեջանական ուժերի տեղադրած ականի պայթյունի հետևանքով զոհվել են ղարաբաղյան բանակի երկու զինվոր:
Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը հանգիստ է եղել նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում:
«Ազգ»